Բաժիններ՝

ՀՀ ԱԺ, կառավարության և Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը Գյումրիում քննարկել է քաղաքը զբոսաշրջային կենտրոն դարձնելու հարցը

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովի, կառավարության և Երևանի քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաներ նախօրյակին երկօրյա այց էին կազմակերպել Գյումրի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գրասենյակից, պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Աննա Կարապետյանը, Վահագն Թևոսյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Ծովինար Վարդանյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, մշակույթի և սպորտի փոխնախարարներ Տիգրան Գալստյանը և Գևորգ Լոռեցյանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը ներկա են գտնվել Գյումրու պետական դրամատիկական թատրոնի՝ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը:

Մայիսի մեկին պաշտոնյաները շրջայց են կատարել քաղաքի մշակութային օջախներում, մասնավորապես, այցելել են Գյումրու Սև բերդ, Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղ, Մարիամ և Երանուհի Ասլամազյանների պատկերասրահ, Հովհաննես Շիրազի և Ավետիք Իսահակյանի թանգարաններ: Վերջինի բակում հյուրերի այցի ժամանակ անցկացվում էր HAY-AT-JAZZ (Հայը ջազում) նախագծի երկրորդ օրվա համերգը՝ Վարպետի տան բակում միավորելով ջազասերներին:

Այցերի ընթացքում քննարկվել են Գյումրին զբոսաշրջային, մշակութային կենտրոն դարձնելու հարցը: Այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր արդեն իսկ ձեռնարկվում են, մասնավորապես, քննարկում են որոշ հաստատություններ Գյումրի տեղափոխելու հարցը:

Կեսօրից հետո պաշտոնյաներն այցելել են նաև մարզական հաստատություններ: Սկզբում ծանոթացել են Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի համար քաղաքապետարանի առաջարկած տարածքին, այնուհետև եղել են Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում:

Մշակութային հանգստյան օրը Գյումրիում անցկացրած պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչներն այցը գնահատել են արդյունավետ, հագեցած աշխատանքային ծրագրերով ու քննարկումներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս