«Եթե ցանկանում են ցույց տալ, որ ամեն ինչ լավ է, պետք է այնպես անեն, որ իրականության հետ «կարճ միացում» չտա». Վարդան Բոստանջյանը՝ 50.000 աշխատատեղերի մասին
«Նոր իշխանության ներկայացուցիչներն առավելագույնը ցանկանում են ցույց տալ, որ ամեն ինչ լավ է, և դա լավ է, որ ուզում են ցույց տալ։ Բայց ամեն ինչ պետք է այնպես ցույց տան, որ իրականության հետ հանկարծ «կարճ միացում» չտա։ Եվ այսօրվա հուսալքությունը, դժգոհությունն այն է, որ նման շատ բարձրաձայնումներ իրականությանը չեն համապատասխանում կամ առոչինչ են։ Մասնավորապես՝ ասում են, թե մեզ մոտ ավտովթարներն ավելի են քչացել իշխանափոխությունից հետո: Այսինքն՝ այն ժամանակ «ախմախ» էին, իրար խփում էին, հիմա էլ նոր իշխանության օրոք ավելի են քչացել։ Սա առնվազն ծիծաղելի է, նույնիսկ՝ քիչ հասկացող մարդկանց համար»,- նշեց ԱԺ նախին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով 168.am-ի այն հարցին, թե արդյո՞ք 50 հազար աշխատատեղի ստվերից դուրս բերումը նշանակում է նոր աշխատատեղեր ստեղծել, ինչպես ԵԽԽՎ-ում հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ 50 հազար աշխատատեղը նույնպես լավ նկարագրելու ու ներկայացնելու «ժանրից» է, քանի որ, ըստ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի վերլուծության՝ 78.000 մարդ աշխատանքից ազատվել է, իսկ 50.000 աշխատողի դուրս են բերել ստվերից, ինչը նոր աշխատատեղերի ստեղծում չէ, որի վերաբերյալ խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը։
«Մեր պետական ինստիտուտներն իրավունք չունեն սխալ տեղեկատվություն տալ վարչապետին, որի մասին նա հայտարարում է եվրոպական բարձր ամբիոններից, եթե այսօր անցավ, մյուս օրը դա կարող է զավեշտի առարկա դառնալ»,- հավելեց տնտեսագետը։
Անդրադառնալով իշխանափոխությունից հետո Հայաստանի ներդրումային միջավայրին, Վարդան Բոստանջյանն ասաց, որ որևէ ներդրում էլ չկա, և դրա համար չեն ստեղծվել բավարար պայմաններ, ամեն ինչ մնում է խոստումների և գեղեցիկ խոսքեր շաղ տալու մակարդակում։
«Չունենք ռեսուրս, շուկա, գտնվում ենք աշխարհաքաղաքական բարդ տեղում, լավ, սրանք փոքր բաներ եմ ասում՝ չկան իրավական և ինստիտուցիոնալ հիմքեր»,- շեշտեց Վ. Բոստանջյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան