Արգիշտի Քյարամյանը՝ Նիկոլ Փաշինյանին իր ունեցվածքի մասին պարզաբանումներ ներկայացնելու մասին
Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել՝ արդյո՞ք ինքը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և նրան պարզաբանումներ ներկայացրե՞լ է իր ունեցվածքի մասին:
«Այն լուրը, որ հանդիպել եմ վարչապետի հետ, չգիտեմ՝ որ աղբյուրից է»,- ասաց Քյարամյանը՝ նկատելով, թե վարչապետի կողմից իրենից պարզաբանում պահանջելու հանգամանքը հրապարակման ենթակա չէ:
Ըստ նրա՝ Դատախազությունում աշխատանքի անցնելու ժամանակ ինքն արդեն տիրապետել է իր ներկայիս ունեցվածքին և դա հայտարարագրել է դեռևս այդ ժամանակ ներկայացված հայտարարագրում:
Անդրադառնալով իր կնոջ հայտարարագրում նշված 26 միլիոն դրամի և 40 հազար դոլարի առկայությանը՝ Քյարամյանը նշեց, որ իր կնոջ հետ ամուսնացել է շատ ավելի վաղ, քան անցել է պետական ծառայության, և այդ ժամանակ նա ևս ունեցել է նշված գումարը:
«Պատասխանատու պաշտոն ստանձնելու առաջին իսկ օրվանից ես հայտարարագրել եմ և ձեռք չեմ բերել հետագա աշխատանքային գործունեության ընթացքում»,- ասաց Ա.Քյարամյանը: