«Տենց ո՞նց կարելի է». Նիկոլ Փաշինյանը նկատողություն արեց կառավարության անդամներին
Այսօր կառավարության նիստում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատողություն արեց գործադիրի անդամներին:
Օրինագծով առաջարկվում է օրենքի մակարդակում ապահովել անձանց կենսաթոշակի իրավունքը՝ բացառելով արտասահման մեկնելու կամ անկողնային հիվանդություն ձեռքբերելու դեպքում այդ իրավունքից զրկումը, մասնավորապես, լիազորագրի ժամկետը 1 տարուց երկարացվում է մինչև 15 տարի:
Հարցը զեկուցում էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Որպես մերժման պատճառ նա նշեց բյուջետային ծախսերի ավելացումը, նաև այն, որ իրենք այժմ մշակում են համանման մի նախագիծ, որով պարտադիր չի լինի կենսաթոշակառուի ողջ լինելը հավաստելու համար նրա այցելությունը բանկ, սոցիալական աշխատողը կարող է այցելել թոշակառունի: Սա հարուցեց վարչապետի տարակուսանքը:
«Ես չեմ հասկանում այն նախագծերը, որով մեզ առաջարկում են ետ գնալ: Ընդհանուր առմամբ, այս իրավիճակն ինչի՞ց է առաջացել, ասում են, որ մեր հիշողությունը կարճ է, բայց այդքան էլ կարճ չէ: Այս ամենն առաջացել է նրա արդյունքում, որ ՀՀ-ում տասնյակ հազարներով թոշակառուներ կան, որոնք գոյություն չունեն, թոշակ են ստանում: Եվ դրա արդյունքում պետությանը միլիարդների վնաս է պատճառվել: Հիմա մենք առաջարկում ենք էլի մեխանիզմ ստեղծել, որ էլի միջանցքներ ստեղծենք, որ նույն բանը տեղի ունենա՞:
Անհասկանալի տրամաբանություն ա: Այսինքն՝ 10 տարի անցավ, բոլորս մոռացանք ամեն ինչ, նորից սկսում ենք զրոյի՞ց»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է հավաստագրումը հեշտացնել, բայց դա անել առաջ գնալու, ոչ թե ետ գնալու միջոցով:
Ըստ Ն.Փաշինյանի՝ դա ընդհանրապես պետք չի քննարկել. «Մինչև այսօր ՀՀ-ում գոյություն ունեն գոյություն չունեցող նպաստառուներ, և մեզնից շատ մեծ ջանքեր են պահանջվում այդ համակարգի հետևից գնալու համար: Փոխանակ մենք մտածենք՝ ոնց անենք, որ գոյություն չունեցող նպաստառուներ գոյություն չունենան, հիմա մենք ասում ենք՝ եկեք նոր միջանցք բացենք, որ նորից գոյություն ունենան գոյություն չունեցող թոշակառուներ: Դա բացարձակ անընդունելի բան է»:
Զ.Բաթոյանը նկատեց, թե խոսքը բացառիկ դեպքերի մասին է:
«Բայց այդ նույն մարդիկ չե՞ն նախկին մեխանիզմը ստեղծել: Այսօր 21-րդ դարն է, պետք է ամիսը մեկ սկայպով զանգի, անձամբ խոսի: Փոխանակ առաջ գնանք, տեխնոլոգիաներն օգտագործենք, ամեն ինչ անում ենք, որ հետ գնանք: Փոխանակ մտածենք՝ ո՞նց անենք, հայտնվենք 2030թ. հնարավորինս շուտ, ամեն ինչ անում ենք, որ հայտնվենք 1997 թվին: Դա ի՞նչ տրամաբանություն է:
Չի կարելի այդպիսի բան անել: 21-րդ դարն է, գտեք տեխնոլոգիական լուծումներ, որ մարդու գոյություն ունենալու փաստն արձանագրվի այլ ճանապարհներով:
Իբր մարդկանց ծառայություն ենք մատուցում, բայց իրականում մարդկանց վնաս ենք հասցնում: Մենք պաշտոնյա ենք դնում, որ վերահսկի՝ մարդը գոյություն ունի՞, թե՞ չէ:
Դա նշանակում է, որ այդ պաշտոնյան գոյություն չունեցող թոշակառուի թոշակն ինքն է ստանալու: Տենց ո՞նց կարելի է»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ թվայնացման դարում ենք ապրում:
«Միայն տեխնոլոգիաների կիրառմամբ»,- հրահանգեց վարչապետը: