
Անգլիայում և Հյուսիսային Իռլանդիայում մեկնարկել են իշխանության տեղական մարմինների ընտրությունները

Անգլիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում մայիսի 2-ին սկսվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Քվեարկության արդյունքներով ընդհանուր առմամբ ընտրվելու են Անգլիայի 248 տեղական խորհուրդների 8,4 հազարից ավելի ներկայացուցիչներ։ Ինչ վերաբերում է Հյուսիսային Իռլանդիայի ընտրություններին, ապա այնտեղ պայքար կծավալվի 11 խորհրդի 462 աթոռի համար:
Քվեարկություն չի անցկացվում Շոտլանդիայում, Ուելսում, Լոնդոնում, Բիրմինհամում եւ Քոռնուոլի կոմսությունում: Ընտրություններն ընթանում են այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Մանչեսթրը, Լիվերպուլը, Նյուքասլը, Յորքը եւ Սթոք օն Թրենթը:
Բրիտանացի քաղաքական փորձագետները կարծում են, որ իշխող Պահպանողական կուսակցությունն ընտրությունների արդյունքներով ավելի քան 800 աթոռ կկորցնի Անգլիայի տեղական խորհուրդներում: Ընտրությունների առաջին արդյունքներն սպասվում են կեսգիշերից հետո, վերջնական արդյունքները կամփոփվեն մայիսի 3-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: