«Այս կարգավիճակը վկայում է ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներով սահմանված անկախության պահանջներին Հայաստանի ՄԻՊ-ի լիարժեք համապատասխանության մասին». Ա. Թաթոյան
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի ընկերներ,
Ուրախ եմ տեղեկացնելու, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին շնորհվել է անկախության ու արդյունավետ աշխատանքի ամենաբարձր «A» միջազգային կարգավիճակը:
Անկախ գնահատող միջազգային հանձնախումբն իր որոշմամբ գովեստի է արժանացրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտանի ջանքերը, որոնք ուղղված են մարդու իրավունքների խթանմանն ու պաշտպանությանը՝ չնայած բարդ իրավիճակներում աշխատանքին, այդ թվում՝ հատուկ ընդգծելով Պաշտպանի հրապարակային դիրքորոշումները զգայուն հարցերի վերաբերյալ:
Այս կարգավիճակը վկայում է ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներով սահմանված անկախության պահանջներին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի լիարժեք համապատասխանության, վստահելիության ու արդյունավետ աշխատանքի մասին։ Միջազգային հանձնախումբը գործում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի քարտուղարությամբ:
«A» կարգավիճակը իրավունք է վերապահում մասնակցել միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին և որոշումների կայացմանը, հանդես գալ հատուկ ելույթներով, օգտվել միջազգային համապատասխան կառույցների ղեկավար մարմիններում ընտրվելու և այդ մարմինների ընտրություններին քվեարկության իրավունքներից։
Շնորհավորում եմ նաև իմ աշխատակազմին մեր այս կարևոր ձեռքբերման համար:
Այս մեխանիզմով միջազգային անկախ գնահատումը ողջ աշխարհում իրականացվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ, որը վերջին տարիներին հատկապես խստացված է։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն այս կարգավիճակով օժտված է 2006 թվականից սկսած»: