
Զբոսաշրջիկների հոսքը Շրի Լանկայի մայրաքաղաք կրկնակի կկրճատվի պայթյուններից հետո

Զբոսաշրջիկների հոսքը Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբո 50 տոկոսով կկրճատվի ապրիլի 21-ին իրականացված մի շարք պայթյուններից հետո, որոնց հետեւանքով ավելի քան 250 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի զբոսաշրջության բյուրոյի նախագահ Քիշու Գոմեսին:
Ավելի վաղ Շրի Լանկա հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Սանաթհ Ուկվատեն հայտարարել էր, որ երկրի զբոսաշրջության սեկտորն այս տարի կարող է մոտավորապես 1,5 մլրդ դոլար կորցնել մի շարք ահաբեկչական գործողությունների պատճառով:
Գոմեսը նաեւ հավելել է, որ Կոլոմբոյի սահմաններից դուրս զբոսաշրջիկների հոսքը 30 տոկոսով կընկնի պայթյուններին հաջորդող երկու ամսվա ընթացքում:
Ավելի վաղ զբոսաշրջության բյուրոն հույս ուներ, որ 2019 թվականին երկիր կայցելի 2,5 մլն զբոսաշրջիկ: Սակայն այժմ կարելի է սպասել միայն երկու միլիոն զբոսաշրջիկների, հայտնել են փորձագետները: Շրի Լանկայում անվտանգության ոլորտի իրադրությունն անցած շաբաթվա ընթացքում կտրուկ վատացել է: Զատկական կիրակի օրը՝ ապրիլի 21-ին, երկրում որոտացել է ութ պայթյուն, որոնք ավելի քան 250 մարդու կյանք են խլել:
Ըստ հետաքննության վարկածի, այդ գրոհներին մասնակցել են ինը մահապարտ-ահաբեկիչներ, որոնցից ութի անձն արդեն պարզված է: Շրի Լանկայի ԱԳ նախարարության տվյալներով՝ զոհվածների թվում կա 40 օտարերկրացի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: