«Իմ սրտի նախարարն» անհաշտ պայքարի մեջ է իր ղեկավարած անձանց հետ
ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարությունում անառողջ մթնոլորտ է, նախարար Հակոբ Արշակյանն անհաշտ պայքար է սկսել աշխատակազմի ղեկավարի դեմ: Հիշեցնենք, աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանն այս պաշտոնին նշանակվել էր դեռևս 2017 թվականին՝ վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով:
Նախարարությունում տևական ժամանակ անառողջ մթնոլորտի մասին պատմող մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ Սամվել Ամիրխանյան-Հակոբ Արշակյան հարաբերություններում կոնֆլիկտը ծագել է «Հին ու Նոր Հայաստան» ընկալումների տիրույթում: Ասում է՝ իրեն խիստ առաջադեմ և կրեատիվ համարող հեղափոխական նախարարը ոչ մի կերպ չի հանդուրժում իր ղեկավարած կառույցում մեկ այլ ազդեցիկ ուժի ներկայությունը, առավել ևս՝ նախկին իշխանության ներկայացուցչին:
Վերջին կաթիլը եղել է նրանց միջև ծագած միջանձնային կոնֆլիկտը՝ մեկ շաբաթ առաջ՝ նախարարի կաբինետում, որից հետո աշխատակազմի ղեկավարը դուրս է եկել զայրացած, շրխկոցով փակել է դուռը ու հեռացել է նախարարությունից:
Ասում են՝ այդ դեպքից հետո Կառավարություն ուղարկված նրա ազատման դիմումին մինչ այս պահը վարչապետ Փաշինյանն ընթացք չի տվել:
Նախարարությունում չհաստատեցին մեզ հասած տեղեկատվությունը, իսկ Կառավարությունից վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը խոստացավ պատասխանել մեր հարցմանը, բայց պարզաբանում այդպես էլ չստացանք:
Նկատենք, ամենաուշագրավն այստեղ նախարար Հակոբ Արշակյանի կեցվածքն է, որ անհամբերությամբ սկսել է խաղաքարտեր փոխել՝ չսպասելով կառավարության ձեռնարկած կառուցվածքային փոփոխություններին:
Հաշվելի օրեր են մնացել, որ 17 նախարարություններն իրար միաձուլելով՝ թվով 12-ը ստանան: Արդյունքում՝ ձևավորվող 3 սուպերնախարարություններից մեկը հենց Հակոբ Արշակյանի ղեկավարած գերատեսչությունն է դառնալու՝ Բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարություն:
Մի կաևոր հանգամանք ևս. 168.am-ի նույն աղբյուրը հիշեցնում է հայտնի զավեշտալի դեպքը, երբ հետհեղափոխական սկզբնական՝ էյֆորիկ շրջանում, Հակոբ Արշակյանը կառավարությունից ստացած դաբրոյից հետո, միամտորեն չսպասելով իր պաշտոնական նշանակմանը՝ դուրս է գալիս կառավարության շենքից և ուղղությունը վերցրել դեպի Կապի և տրանսպորտի նախարարություն:
Այստեղ անծանոթ երիտասարդի առջև սկզբում դռներ չեն բացում, թույլ չեն տալիս մուտք գործել շենք, ներկայանում է, թե՝ Ձեր փոխնախարարն եմ, աշխատակիցները, մեկը մյուսին նայելով՝ տարակուսած զանգում են աշխատակազմի ղեկավարին: Նա էլ, թե՝ մեր փոխնախարարներն իրենց կաբինետներում նստած աշխատում են, ասեք՝ թող նորմալ ներկայանա կամ հեռանա տարածքից: Բնականաբար, դես ու դեն զանգերով պարզելուց հետո Արշակյանին ներս են թողնում, բայց այս միջադեպը խոր նստվածք է թողնում նրա մոտ: Բացառված չէ, որ այս միջադեպն էլ սկիզբ է դրել հետագայում աշխատակազմի ղեկավարի հետ Արշակյանի հեռակա լարված հարաբերություններին:
Ի դեպ, այս միջադեպից հետո, ժամեր անց, ողջ համացանցը Հակոբ Արշակյանը ցնցել էր իր մասին Արարատ Միրզոյանի կնոջ թողած գրառումով:
Հիշեցնենք, այն ժամանակվա առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կինն իր ֆեյսբուքյան էջում Հակոբ Արշակյանի լուսանկարով սրտնեղած մի գրառում էր հրապարակել՝ ակնարկելով, թե դժգոհ է վարչապետի արած նշանակումից, և, որ իր ընկերուհու ամուսին Հակոբն ավելիին էր արժանի…
Ամիսներ անց՝ հոկտեմբերի 2-ի հայտնի խորհրդարանական քվեարկությունից հետո, երբ ԲՀԿ-ական նախարարներին վարչապետը կառավարությունից դուրս արեց, Հակոբ Արշակյանին նախարար նշանակելով՝ ի վերջո, բավարարեց հեղափոխական ընկերոջ կնոջ ցանկությունը:
Գոհար Աբաջյանն էլ իր էմոցիան չզսպելով՝ հերթական գրառումն արեց Ֆեյսբուքում՝ այս անգամ «իմ սրտի նախարարը» գրառման տակ տիկինը թողարկեց Հակոբ Արշակյանի լուսանկարը:
Սյուզի Բադոյան