Բաժիններ՝

Ժամանակն է վերանայել պատկերացումները Հայաստանի մասին. Bloomberg

Ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանին՝ ներկայացնելով երկրի գրավչությունը: Հոդվածում նշվում է, որ ժամանակն է վերանայել Հայաստանի մասին պատկերացումները:

«Հայաստանը, չունենալով ելք դեպի ծով, ունենալով 3 մլն բնակչություն, ունի ճանաչելիության մի քանի առիթ՝ ոսկե մեդալով շախմատիստներ, աշխարհաքաղաքական գործընթացներ, Չերչիլի սիրելի կոնյակը և, իհարկե, Քարդաշյաններ, ովքեր հպարտանում են հայերով և ամերիկացիներով: Իսկ զբոսաշրջությո՞ւնը: ԱՄՆ-ի բազմաթիվ զբոսաշրջիկներ չկարողացան նկատել Հայաստանը քարտեզի վրա, էլ չենք խոսում այնտեղ ուղևորվելու ցանկության մասին: Ժամանակն է վերանայել պատկերացումները, եթե դուք, իհարկե, այդ մասին մտածել եք»,-ասված է հրապարակման մեջ:

Հոդվածագիրը նշում է, որ բացի Հայաստանի զբոսաշրջային տեսարժան վայրերից, այստեղ են աշխարհի հնագույն եկեղեցիները: Նա ներկայացնում է Էջմիածինը, Գեղարդը, Տաթևը:

Հեղինակը ներկայացնում է Երևանի տեսարժան վայրերը՝ նկատելով, որ քաղաքում ավելանում են նոր ռեստորաններ: Անդրադարձ է կատարվում հայկական խոհանոցին, մասնավորապես խորովածին, ինչպես նաև խմիչքներին, հատկապես կոնյակին, որի մասին ժամանակին հիացմունքով է խոսել Ուինսթոն Չերչիլը: Առանձին անդրադարձ կա հայկական պարին:

Հոդվածում անդրադարձ է կատարվում 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, որից հետո տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Քաղաքական գործիչ դարձած լրագրող Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը դժվար ճանապարհ է սպասվում»,-ասված է հրապարակման մեջ:

«Անմոռանալի հուշարձան», այս ենթավերնագրով հոդվածագիրը պատմում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մասին: «1915 թվականին Հայոց ցեղասպանության հետևանքով սպանվել է 1 մլն-ից ավելի մարդ, նույնքան մարդ ստիպված են եղել լքել իրենց նախնիների տները Թուրքիայի արևելյան հատվածում»,-ասված է հոդվածում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս