
Անտուն ու անփող պատգամավորներ. քանի՞սն է դիմել բյուջեից բնակվարձի փոխհատուցման համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց պառլամենտը բավականին թանկ հաճույքի է վերածվել. այնտեղ ոչ միայն 101-ի փոխարեն 131 պատգամավոր է, որոնք բավականին տպավորիչ աշխատավարձ են ստանում, այլեւ պառլմենտարիզմի պատմության մեջ երբեք այսքան պատգամավոր չէր դիմել վարձով բնակարանի գումարի փոխհատուցում ստանալու հարցով, իսկ մենք փշերի վրա նստած` սպասում ենք` կկրճատե՞ն մեզ, թե՞ ոչ»,- ասաց ԱԺ աշխատակիցը:
Քանի՞ պատգամավոր է դիմել վարձով բնակարանի համար՝ հարցրինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին։ «Ստույգ կլինի ասել` քանի պատգամավորի դիմում է բավարարվել, որովհետեւ չափորոշիչներ կան, որոնց պետք է դիմումատուն համապատասխանի, փաստաթղթեր ապահովի։ Այս պահի դրությամբ այդ կարգավիճակից օգտվում է 15 պատգամավոր` 8-ը` «Իմ քայլից», 6-ը` «Լուսավոր Հայաստանից», 1-ը` ԲՀԿ-ից»,- ասաց Տ. Գալստյանը:
ԲՀԿ մինուճարը, որքան էլ պարադոքսալ, Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանն է՝ Արտաշատից: ԼՀԿ-ի ամենահետաքրքիր վարձակալը ֆրակցիայի ղեկավար Էդմոն Մարուքյանն է։ Մյուսները մարզերից են, եւ նրանց անունները ոչինչ չեն ասում: «Իմ քայլի» «անտունները» նախ փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներն են` Կնյազ Հասանով, Արսեն Միխալյով, ինչպես նաեւ՝ Հովիկ Աղազարյան` Արարատի Սուրենավան գյուղից:
Մնացյալ իմքայլականների անունները նույնպես ոչինչ չեն ասում: Իսկ եղե՞լ են պատգամավորներ, որոնց մերժել եք։ «Եղել են` փաստաթղթերի պակասի, անճշտությունների պատճառով, կային այնպիսիք, որոնք արդեն իսկ վարձով էին ապրում, սակայն չգիտեին, որ պետք է վարձակալի հետ պայմանագիր կնքեին»: Փաստորեն, դեռ կավելանան։ «Չի բացառվում»,- ասաց Տիգրան Գալստյանը: Հիշեցնենք, որ վարձակալության գումարը կազմում է ամսական 100 հազար դրամ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: