«ԱԳՆ-ն հետևում է Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի շուրջ բանակցություններին». Աննա Նաղդալյան

Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Օկտայ Ասադովը երեկ հայտարարել էր, թե Ադրբեջանի և Եվրամիության միջև ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիրը կստորագրվի մայիսի 13-ին։

«Համաձայնագրի շուրջ երկար տարիներ աշխատանք է տարվել։ Նպատակներից մեկն այն էր, որ համաձայնագրում արտացոլվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարցը։ Եվ մենք հասել ենք դրան»,- ասել էր Ասադովը։

Սակայն ավելի ուշ, որքան էլ տարօրինակ է՝  Միլի Մեջլիսի նախագահի հայտարարությունը հերքել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղարը: «Ադրբեջանի և Եվրամիության միջև համաձայնագրի ստորագրումը մայիսի 13-ին չի նախատեսվում, քանի որ համաձայնագրի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են»,- ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հարցադրում էր ուղղել Հայաստանի ԱԳՆ-ին՝ վերջինիս մեղադրելով համառորեն լռելու մեջ, թե`

«1. Արդյո՞ք Հայաստանի ԱԳՆ-ն հետևում է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին:

2. Արդյո՞ք այդ համաձայնագրում Արցախին վերաբերող ձևակերպումները բավարարում են Հայաստանին և համադրելի են ԵՄ-Հայաստան համաձայնագրում ամրագրված դրույթների հետ»:

168.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշեց, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը, բնականաբար, հետևում է Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի շուրջ բանակցություններին։

«Բոլոր այն հարցերը, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչվում են Արցախին, առաջնային դիրք են զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, ներառյալ՝ մեր գործընկերների հետ հարաբերություններում»,- ասաց Ա.Նաղդալյանը:

Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Ադրբեջանի խոսնակի պնդմանն ի պատասխան՝ Ա.Նաղդալյանը դեռ երեկ հայտարարել է, որ գործընկեր երկրների հետ ԵՄ բանակցվող տեքստերը հրապարակային չեն՝ հասանելի լինելով միայն գործընթացին անմիջական ներգրավվածություն ունեցող կողմերին:

«Ինչ վերաբերում է ԼՂ կարգավորման գործընթացի վերաբերյալ Եվրոպական միության դիրքորոշմանը, ապա այն հստակ արտահայտված է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, որտեղ ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների շարքում առկա է նաև ինքնորոշման իրավունքը։ Ավելին, այդ դիրքորոշումը նաև բազմիցս վերահաստատվել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում, որտեղ աջակցություն է հայտնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
Հայաստանը բազմիցս ամենատարբեր մակարդակներով և հարթակներում շեշտել և ևս մեկ անգամ ընդգծում է, որ անընդունելի է համարում այս հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը, որը կարող է հակասել ԼՂ հիմնահարցի կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձևաչափի` Մինսկի խմբի համանախագահության մոտեցումներին և խաթարել խաղաղության գործընթացը»,- ասել է Ա.Նաղդալյանը:

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին վերջերս հայտարարել էր, որ Եվրամիության և Ադրբեջանի միջև երկկողմ հավակնոտ համաձայնագրի շուրջ բանակցությունները թևակոխել են կարևոր և, թերևս, վերջնական փուլ, սակայն դեռևս կան «խնդրահարույց և դեռ բաց հարցեր՝ մոտ 5-10 տոկոսը»։

Ադրբեջանցի մի շարք վերլուծաբաններ և փորձագետներ բարձրաձայնում են, որ ԵՄ-Ադրբեջան համաձայնագրում ամրագրված չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը։

Ադրբեջանցի նախկին դեսպան Արիֆ Մամադովը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի բովանդակությունը շարունակում է գաղտնի մնալ, քանի որ փաստաթղթի տեքստում Լեռնային Ղարաբաղը չի նշվում՝ որպես Ադրբեջանի անբաժանալի մաս»։ Ըստ նրա՝ Եվրամիությունը «դեմ է փաստաթղթում այդ դրույթի արտացոլմանը»։ Նախկին դեսպանը զուգահեռներ է անցկացնում ԵՄ-ի՝ Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի հետ կնքած համանման փաստաթղթերի հետ, որտեղ «այդ երկրների օկուպացված տարածքները նշվում են՝ որպես դրանց անբաժանելի մասեր»։

Մամադովը կարծում է, որ ԵՄ-ն համաձայն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առանց նշելու ԼՂ-ն՝ որպես Ադրբեջանի մաս։

Gepostet von Arif Mammadov am Samstag, 20. April 2019

 

Տեսանյութեր

Լրահոս