Ինչու է ավելացել ԵՄ-ից ՀՀ քաղաքացիների արտահանձնման տեմպը

Անցած տարի Եվրամիության անդամ երկրներից Հայաստան է արտաքսվել 268 ՀՀ քաղաքացի՝ 2016թ. 113-ի փոխարեն: ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ եվրոպական կառույցներում տարբեր գործընկերներ արտահանձնման աճի հիմնական պատճառ բերում են Հայաստանում իշխանափոխությունը։

«Քանի որ արդեն ժողովրդավարական պրոցեսներ են գնում Հայաստանում, դիմողները հիմնականում պատճառ են բերում ոչ թե սոցիալական կամ այլ խնդիրներ, որովհետև, բնականաբար, այդ հարցերով չեն կարող ապաստան ստանալ, այլ մարդու իրավունքների խախտումներն ու քաղաքական հալածանքներն են որպես պատճառ ներկայացնում, և, քանի որ փոխվել է իրավիճակը մեր երկրում, ու արդեն ժողովրդավարական հունի և գործընթացի մեջ է մտնել Հայաստանը, բնականաբար, դիտարկում են, որ այլևս այս մարդիկ չեն կարող իրենք քաղաքական հայացքների համար դիմել և նաև չեն կարող մարդու իրավունքների խնդիրների մասով դիմել։ Այսինքն՝ սա է հիմնական պատճառը, որքանով որ ես տարբեր միջազգային հարթակներում իմ գործընկերների հետ խոսել եմ»,- ասաց Գ.Աբրահամյանը։

Ըստ նրա՝ մյուս կողմից, Եվրոստատի տվյալներով՝ այս տարի 20-30%-ով ավելի քիչ մարդ է դիմել Հայաստանից մշտական բնակության համար, այսինքն՝ արդեն իսկ մեր երկրից դիմողների քանակն է բավականին կրճատվել։

Հարցին, թե հաշվի առնելով նախկինում ԵՄ երկրներ մեկնածների քանակը, ապագայում արտաքսման տեմպերը կաճե՞ն, Գ.Աբրահամյանը պատասխանեց, որ դա կախված է նրանից, թե որքան է տևում այնտեղ գործընթացը.

«Եթե 2-3 տարի է ուսումնասիրվում, և դատական պրոցեսները երկար են տևում, գուցե կավելանա, բայց եթե ընդամենը 1 տարվա ընթացքում է, չի ավելանա։ Կարծում եմ, որ հետագայում ավելի քիչ կդիմեն, նաև գուցե հաշվի առնելով եվրոպական տարբեր կառույցների դիտարկումները, արտաքսվածների թիվը, գուցե այստեղից դիմողները քիչ կլինեն, հիմնավորելու խնդիր կունենան այնտեղ»։

Պատգամավորը չհամաձայնեց դիտարկմանը, որ նշվում է՝ անգամ քաղցկեղով հիվանդների դեպքում դիրքորոշման կոշտացում կա Եվրոպայում.

«Ես այդպիսի տեղեկություն չունեմ, այնտեղ շատ հստակ տարբերակում կա՝ նայած ինչի համար են դիմել։ Եթե բժշկական փաստաթղթերն առկա են, ամեն ինչ նորմալ է, այդ խնդիրը պետք է որ բացարձակ չլիներ։ Ես վերջերս, մոտ 2 ամիս առաջ, Եվրոնեսթում Գերմանիայի պատվիրակներից մեկի հետ եմ քննարկել բժշկական աջակցության և հիվանդանոցներ ներգրավելու հարցը, և նա ասաց, որ իրենք այդ դեպքերում շատ խիստ քաղաքականություն ունեն՝ որևէ մեկը, եթե իսկապես ունի բժշկական օգնության կարիք, որևէ կերպ իրենց հարցը չի քնարկվում։ Հետագայում, երբ սկսվի վիզայի ազատականացման գործընթացը, շատ ավելի ազատականացված կլինի»։

Տեսանյութեր

Լրահոս