«Կառույցներից մեկում գործերից միայն մեկով 4 քննիչ պետք է հարցաքննեին 850 հոգու». Արեն Մկրտչյան
«Շուրջ 10-11 ամիսների ընթացքում ավելի քան 80 մլրդ դրամի սահմաններում քրեական գործեր են հարուցվել, գումարը տարբեր կարգավիճակ ունի, մի մասը փաստացի վերականգնված է պետբյուջե, մի մասը վերականգնման փուլում է, մի մասն էլ քննության փուլում է: Ես ինքս կառավարությունում աշխատելու ժամանակահատվածում տեսել եմ, թե ինչ ծանրաբեռնվածությամբ են աշխատում իրավապահ կառույցները, քննչական բլոկները:
Օրինակ՝ կառույցներից մեկում գործերից միայն մեկով 4 քննիչ պետք է հարցաքննեին 850 հոգու: Եվ այդ 4 քննիչից յուրաքանչյուրը հավելյալ քննում էր 12-13 գործ զուգահեռաբար: Այսինքն՝ մենք նաև ծանրաբեռնվածության խնդիր ունենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ ի պատասխան հարցի, թե շրջանառության մեջ դրված հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի ընդունումից ի՞նչ կարելի է սպասել։
Ըստ նրա՝ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի ստեղծումը թույլ կտա ավելի համակարգել գործողությունները. «Պետք է հասկանալ այդ մարմնի կառուցվածքը, այժմ կառուցվածքի մասին քննարկումներ են ընթանում, փորձում են ամենաօպտիմալ լուծումը տալ, օրինակ՝ այդ մարմինն օպերատիվ բլոկ ունենալո՞ւ է, թե՞ ոչ: Կառուցվածքի մասին պատկերացում կազմելուց հետո միայն կարելի է դրա ձևավորման մասին մտածել»:
Ա.Մկրտչյանը նշեց, որ անցումային արդարադատությունը կթեթևացնի կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքները։ Նրա բնորոշմամբ՝ տարբեր հետհեղափոխական երկրներում անցումային արդարադատությունը տարբեր կոնցեպտներով է գործել. «Տրամաբանությունը հանրային համերաշխության հարթակն է, որտեղ կողմերը կարճ ժամանակահատվածում կգան համաձայնության»։