«ՍԴ-ի որոշումը ճիշտ է՝ այստեղ խնդիրը ոչ թե՝ օրենքի, այլ՝ կիրառողների հետ է». Արա Ղազարյանը՝ հոկտեմբերի 2-ին ընդունած օրենքի մասին
Նախորդ տարվա հոկտեմբերի 2-ին ԱԺ արտահերթ նիստում ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքում վիճահարույց դրույթներ չկան, դրանք համապատասխանում են Սահմանադրությանը։ Օրերս նման որոշում է կայացրել Սահմանադրական դատարանը։
Ըստ այդ օրենքի՝ եթե ԱԺ նիստի ընթացքում պատգամավորները բացակայում են, և քվորում չի ապահովվում, ապա նիստը ոչ թե չեղարկվում է, այլ ընդմիջվում։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից օրենքն ընդունելուց հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հանրությանը կոչ էր անել հավաքվել խորհրդարանի մոտ և պայքարել լարած «դավադրության» դեմ։
Իսկ երբ հանրությունը վարչապետի կոչով հավաքվել էր Ազգային ժողովի մոտ, Նիկոլ Փաշինյանը հենց ԱԺ բակում հայտարարել էր, որ պաշտոնանկ են արվել մի շարք մարզպետներ ու նախարարներ, որոնք օրենքն ընդունած կուսակցությունների անդամներ են։
Հիշեցնենք, որ այդ օրենքի հետ կապված՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռևս հոկտեմբերի 23-ին հայտարարել էր, որ այնտեղ սահմանադրաիրավական խնդիրներ է տեսնում, ուստի դիմել էր Սահմանադրական դատարան։
Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սահմանադրական դատարանի որոշմանը՝ նշեց, որ այստեղ ավելի շատ բարոյականության խնդիր կա։
Հիշեցնենք նաև, որ Լենա Նազարյանը, ով այն ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր էր, օրենքի քվեարկության ժամանակ հավաքել էր բոլոր պատգամավորների քարտերը, ինչից հետո պատգամավորները ստիպված էին եղել քվեարկությունը կատարել ձեռքով։
«Եթե պատգամավորները միտումնավոր չեն ներկայանում նիստին, որպեսզի այն տապալվի, դա ուղղակի նշանակում է՝ իրավունքի չարաշահում։ Այստեղ սահմանադրականությունը կապ չունի, այն կախված է մարդու բարոյականությունից, նրա բարոյական արժեքներից։
Սահմանադրական դատարանի որոշումը ճիշտ է՝ այստեղ խնդիրը ոչ թե՝ օրենքի, այլ՝ կիրառողների հետ է։ Որովհետև, եթե սա ճանաչվեր հակասահմանադրական, ապա կարող էր առաջացնել մեկ այլ խնդիր»,- ասաց Արա Ղազարյանը։
Ինչ վերաբերում է փոփոխված օրենքի ամբողջական տարբերակին, Արա Ղազարյանը նշեց, որ այն չի ուսումնասիրել, հետևաբար՝ ոչինչ չի կարող ասել։
Զվարթ Խաչատրյան