Փաշինյանը թվարկեց տրված բոլոր խոստումներն ու հաշվետու եղավ դրանց կատարման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ապրիլի 19-ին ուղիղ եթերի միջոցով պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, անդրադարձավ մեկ տարվա ընթացքում տված խոստումների կատարմանը:

Վարչապետը սկսեց նրանից, որ կառավարությունը պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման գործընթացն իրականացնում է այնպես, որ չլինի կադրային ջարդ:

Անդրադառնալով Հայաստանի պետական բյուջեն 30-40 տոկոսով ավելացնելու խոստմանը՝ նա նշեց, որ 2019 թվականի պետբյուջեն բնական աճով արդեն 2018 թվականի նկատմամբ 10 տոկոսի աճ է ունեցել: «Մենք այս տարի գնալու ենք պետբյուջեի եկամտային մասի գերակատարման: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ 5 տոկոսով առնվազն կգերակատարենք այն»,- նշեց Փաշինյանը:

Խոսելով բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ բանակցելու միջոցով գյուղատնտեսական և սպառողական վարկերի բոլոր տույժ-տուգանքները ներելու խոստմանը՝ վարչապետը հիշեցրեց, որ 2018-ի հուլիսին ընդունել են օրենքի նախագիծ, որի շնորհիվ հազարավոր մարդիկ հնարավորություն ստացան գնալ և բանակցել բանկերի հետ, որպեսզի վերակառուցվի պարտքը և տույժ-տուգանքները դուրս գան:

Փաշինյանն ասաց, որ իրականացվել է արագաչափերի բոլոր չվճարված տուգանքների զրոյացում: «Իրականացրեցինք համաներում, որի արդյունքում 13 մլրդ դրամ ներվել է քաղաքացիներին»,-նշեց նա:

Անդրադառնալով մենաշնորհների խնդրին՝ վարչապետը հայտարարեց, որ այսօր Հայաստանում ոչ ոք չի կարող ասել, որ ունի մենաշնորհ՝ առնվազն հնարավորությունների իմաստով: «Իհարկե. հասկանալի է, որ մարդիկ, ովքեր նախկինում մենաշնորհներ են ունեցել հնարավորությունների շուկայում ավելի լավ են, բայց այսօր վերջին անգամ կառավարության հաշվետվության ժամանակ ցույց տվեցի, թե մենք ինչ հսկայական փոփոխությունների դինամիկա ունենք բենզինի, շաքարի, բանանի շուկաներում»,- ընդգծեց նա:

Փաշինյանը նաև հավելեց, որ 100 տոկոսով կատարվել են իրենց մյուս խոստումները, ինչպիսիք են պետական ահաբեկչության որևէ դրսևորման արմատախիլ արվելը, անկախ քաղաքական հայացքներից յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները 100 տոկոսով երաշխավորելը, աշխարհաքաղաքական ռևերսներից հեռու լինել, ՀԱՊԿ անդամ մնալը, տարբեր ուղղություններով ՀՀ արտաքին քաղաքականության զարգացումը, ընտրական օրենսգրքի փոփոխությունները, ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացումը, ընտրակաշառքի բացակայությունը, քաղաքական հետապնդումների, քաղբանտարկյալների իսպառ բացակայությունը, Մարտի 1-ի գործով պատասխանատուների դատապարտումը և այլն:

Տեսանյութեր

Լրահոս