Բաժիններ՝

Ժանգոտ կողպեք՝ Էդուարդ Աղաջանյանին

Դեռևս մարտի 1-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր՝ «կառավարության աշխատակազմի տակ գործող ՊՈԱԿ-ը բացել է «Տեղեկատվության ստուգման կենտրոն», որտեղ «պայքարելու են կեղծ լուրերի դեմ» (Ջորջ Օրուելի լեզվով՝ «ճշտի նախարարություն»): Իմ բարեկամ Eduard Aghajanyan-ին ուզում եմ հիշեցնել, որ Կառավարությունը դատարան չի, որպեսզի որոշի, թե ով է ճիշտ, իսկ ով՝ սխալ: Կառավարությունը կարող է անել միայն այն, ինչ բխում է Սահմանադրությունից և օրենքներից: Ավելին՝ խախտվել է նաև «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը, որով լրատվական գործունեության իրականացում նախատեսված չէ»:

Նույն օրը՝ մարտի 1-ին, «168 Ժամը» օրենքով սահմանված կարգով տեղեկություն ստանալու հարցում ուղարկեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին՝ խնդրելով մեկնաբանել Իոաննիսյանի հայտարարությունը և պատասխանել՝ իրո՞ք գործելու է նման կենտրոն, այն իրո՞ք «պայքարելու է կեղծ լուրերի դեմ», և ինչպե՞ս։

Հիշեցման կարգով նշենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հոդված 9-ի 7-րդ մասը սահմանում է գրավոր հարցման պատասխանի տրման ժամկետները.

Կարդացեք նաև

«1) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում,

3) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը»։

Եվ այսպես՝ մենք գրավոր դիմումն ուղարկել էին մարտի 1-ին։ 10 օր անց՝ մարտի 11-ին (նշենք, որ 3 օր ոչ աշխատանքային է եղել), ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացել ենք գրություն, որում նշված էր, որ մեր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի, համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հոդված 9-ի 7-րդ մասի 3) կետի՝ հարցերի պատասխանները կտրամադրվեն 30-օրյա ժամկետում։

Երեկ՝ ապրիլի 10-ի աշխատանքային օրվա ավարտից մեկ ժամ առաջ դեռևս պատասխան չէինք ստացել։ Ուստի, ժամը 17։08-ին զանգահարեցինք Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն՝ ճշտելու, թե վերջապես ե՞րբ կստանանք մեր այդքան «բարդ» հարցման պատասխանը։ Մեզ վստահեցրեցին, թե պատասխանն արդեն պատրաստ է, և շուտով կստանանք այն, իսկ ուշացման պատճառը վարչության գերծանրաբեռնվածությունն է։

Ինչևէ։ Մոտ կես ժամ անց ստացանք ընդամենը 4.5 տողանոց գրություն։ Այդ բարդ աշխատանքի համար պահանջվեց ոչ ավել, ոչ պակաս, 41 օր, ինչն օրենքի բացահայտ խախտում է։ Դրա կատարող է նշված «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Մինչդեռ, հիշեցնենք, մեր հարցումն ուղղված էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին։

Այդ հույժ աշխատատար գրության մեջ նշված է. «Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը ստեղծում է պաշտոնական կայք, որտեղ կհրապարակվեն պետական կառույցների գործունեության հետ կապված կեղծ լուրերի հերքումներն ու պարզաբանումները։ Ներկայումս կատարվում են ընթացիկ աշխատանքներ»։

Էդուարդ Աղաջանյանը, փաստորեն, հարկ չի համարել մեկնաբանել Իոաննիսյանի հայտարարությունը։ Եվ եթե առաջնորդվենք «լռությունը համաձայնության նշան է» ժողովրդական խոսքով, ապա Աղաջանյանն այդպիսով հաստատում է Իրազեկ քաղաքացիների ղեկավարի խոսքը՝ ստեղծվում է «ճշտի նախարարություն», կառավարությունն էլ ստանձնում է դատարանի դեր ու որոշում՝ ով է ճիշտ, ով՝ սխալ: Ավելին՝ խախտվում է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը, որով լրատվական գործունեության իրականացում նախատեսված չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս