«Երբ Կրկիչը խաղում էր «Բարսելոնայի» կազմում, նա վախենում էր անգամ խմել այն շշից, որից խմում էր Մեսսին». Վենգեր
Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ով հիմա չի զբաղվում մարզչական գործունեությամբ, տվել է վերջին շրջանում ամենամեծ հարցազրույցը, որտեղ խոսել է ամենատարբեր թեմաների մասին:
Ֆուտբոլիստներն ու ինքնավստահությունը
«Կան աներևակայելի մեծ թվով խաղացողներ, որոնք չեն կարողանում դառնալ թիմի առաջատարը: Նրանք չեն անցնում հաջորդ մակարդակի: Բարձր կարգի ֆուտբոլիստը կարիերայի սկզբում պետք է ցույց տա, որ նա պատրաստ է: Այն սկսվում է նույնիսկ այն պահից, երբ նա մտնում է հանդերձարան և պարզապես իր պահվածքով ասում է, որ բոլորը կարող են հույս դնել իր վրա: Ես հիշում եմ, որ, երբ Բոյանը (Կրկիչ) խաղում էր «Բարսելոնայի» կազմում, նա վախենում էր անգամ խմել այն շշից, որից խմում էր Մեսսին: Դա ընդամենը մի մանրամասն է, բայց նա երբեք չի կարողացել ցուցադրել իր ամբողջ ներուժը»:
Վենգերը՝ մեծագույն ֆուտբոլիստի մասին
«Սա մի հատուկ կենդանի է, որը հետևում է երեք հիմնական կանոնների՝ գոլերի կառավարում, որոշումների ընդունում և կատարում: Մեծագույնները կարող են կանխատեսել և առավելություն ունենալ ուրիշների նկատմամբ, նրանք նախապես հասկանում են, թե ինչպես է խաղը շարունակվելու: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ, եթե խաղացողները ավելի հաճախ վերանայեն իրենց հանդիպումները, ապա նրանք կսկսեն ավելի լավ խաղալ: Բոլոր տղաները, ովքեր շատ բանի են հասնում, անընդհատ փորձում են ամեն ինչ անել և օբյեկտիվորեն վերլուծել իրենց խաղը: Մեծ խաղացողները շատ խիստ են իրենց նկատմամբ»:
Ինչպե՞ս հաղթահարել ֆուտբոլիստներին հանդերձարանում
«Հանդերձարանում ձեր առաջ 25 գիշատիչներ են: Նրանք ամեն ինչ տեսնում են, և հատկապես՝ ձեր թուլությունը: Մարզչի մասնագիտությունը կարող է նկարագրվել հետևյալ կերպ՝ կազմում ընդգրկել 11 խաղացող, իսկ մյուս 14-ին՝ թողնել գործազուրկ: Եվ դա կրկնում է ամեն շաբաթ: Դժվար է ապրել և կառավարել այս դեպքում: Դու պետք է խելացի լինես: Մինչև խաղը ես զբաղում էին միայն այն ֆուտբոլիստների հետ, ովքեր պետք է դուրս գային խաղադաշտ, մնացածը մնում էին անտեսված: Բայց երկուշաբթիից չորեքշաբթի ես նրանց ուշադրություն էի դարձնում:
Ինչպե՞ս բարձրացնել թիմի ոգին: Ամուր և ազնիվ լինել և պահել այն արժեքները, որոնք ցանկանում եք ուրիշների մեջ սերմանել: Դուք նաև պետք է հարգեք ուրիշներին, համակիր լինեք և չլքեք նրանց: Ֆուտբոլում շատ կան մարդիկ, ովքեր տառապում են դեպրեսիայով: Այն խաղացողը, ով չի խաղում, անօգուտ է զգում իրեն: Մարզչի աշխատանքը նրան բուժելն է, դա իմ աշխատանքի մի մասն է»:
49 խաղ՝ առանց պարտության
««Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում մենք պարտվում ենք և խախտում մեր անպարտելի շարքը: Բայց այդ խաղի արդյունքի համար մրցավարները պատասխանատվություն են կրում: Հաղթանակը արժանիորեն չէր վաստակված: Ի դեպ, երբ ես մահանամ, կհարցնեմ Աստծուն՝ որտե՞ղ է անցկացվում դատավարությունը՝ մինչև դրախտի և դժոխքի ընտրությունը: Ես հիշում եմ, որ նախորդ մրցաշրջանում մենք ավարտեցինք մրցաշրջանը՝ առանց արտագնա պարտությունների, բայց սեփական հարկի տակ պարտվեցինք: Եվ հանկարծ, բոլոր խաղացողները մեղադրեցին ինձ, որովհետև ես ասել էի նրանց, որ մենք կարող ենք ավարտել մրցաշրջանը առանց պարտության: Ես հիշում եմ, որ ասացի նրանց, որ իրենք են որոշում՝ մնալ անմա՞հ, թե՞ ոչ: Եվ նրանք արեցին դա: Հաղթանակներ ԱՊԼ-ում՝ առանց խնդիրների»:
Ո՞վ է մեծագույն մարզիչը
«Մեծագույն մարզիչը ղեկավար է, ով տեսնում է ամեն ինչ պարզ և մնում է համեստ: Նա հավատում է մարդուն: Լավ մարզիչը երբեք չպետք է փակի դուռը անձի դիմաց: Կարևոր է միշտ հույս ունենալ: Մարդիկ հաճախ կարող են հաճելիորեն զարմացնել ձեզ, և հենց այդ պահին դուք քաղում եք ձեր համբերության և ձեր աշխատանքի պտուղները:
Իմ կարծիքով, լավ մարզիչը պետք է ունենա երեք տեսակի ազդեցություն՝ ակումբի, արդյունքի և ֆուտբոլիստների ցուցադրած խաղի վրա:
Մենք հետևեցինք ակումբի ավանդույթներին, բայց ներդրեցինք նաև մեր նորարարություննները: Պետք է այնպես անել, որ բոլորը իրենց ակումբի մի մասը զգան՝ խաղացողներից մինչև այգեպաններ: Սա առաջին քայլն է. մեկ նպատակ՝ բոլորի համար: Փո՞քր դետալ: Ծաղիկները և ընդունելության սրահը պետք է լինի այն թիմի գույներով, որին դուք ընդունում եք:
Ընդհանուր առմամբ, մեծ մարզիչը ազդեցություն է ունենում թիմի խաղային ոճի և արդյունքների վրա: Մեծ ակումբում դուք պետք է ունենաք ոճով հաղթելու ցանկություն, որպեսզի երկրպագուները ժպիտով արթնանան և գնան խաղի: Անհրաժեշտ է փոխանցել դրական էմոցիաներ, լինել ճանաչելի:
Մարզիչն այն անձն է, ով լիովին կապում է իր կյանքը իր ակումբին: Նա պետք է վարվի այնպես, կարծես պատրաստվում է մնալ ակումբում հավիտյան: Ամեն տարի լուսանկարվում եմ բոլորի հետ ակումբում (այգեպաններ, խոհարարներ), և այդ նկարը կախվում է պատին: Նկարի մոտ գրվում է արտահայտություն, որն ասում է, թե ակումբի համար կարևոր են բոլորը: Ակումբի աշխատակիցների և խաղացողների միջև պետք է լինի միասնություն:
Իր թերությունների մասին
«Լավ մարզիչը այն մարդն է, ով հոգ է տանում ինքն իր մասին: Դա այն է, ինչով ես զբաղված եմ այս պահին: Ես իմ հանդեպ ուշադիր չեմ եղել: Դուք պետք է ունենաք վագրի ուժ՝ հաջողության հասնելու համար, բայց աստիճանաբար դուք կրում եք դրա վնասները:
Ես ամեն օր շատ հանդիպումներ ունեի: Անգամ այն աշխատակիցը, ով ցանկանում էր այգու մշակման համար ինչ-որ սարք գնել, գալիս էր ինձ մոտ: Ես ամեն ինչ հասցրել եմ: Սա մասնագիտություն է, որը գրավում է ձեզ ամբողջովին: Երբ դուք ինչ-որ մեկի հետ եք, ձեր ընտանիքի հետ ճաշում եք, դուք հոգեպես նրանց հետ չեք: Ես անտեսում էի մարդկանց շրջապատը: Ես կյանքս նվիրել էի միայն մեկ նպատակի` հաղթել հաջորդ խաղը»:
Վենգերի ափսոսանքը «Արսենալում»
«Երբ դու մարզիչ ես, կան միայն անավարտ կյանքեր: Երբ դուք խոսում եք մեծ ֆուտբոլիստների հետ, նրանք միայն ասում են այն ամենի մասին, ինչ չեն հաղթել: Դու հիշում ես միայն այն, ինչի չես հասել, ու մոռանում ես այն հաջողությունները, որոնք գրանցել ես: Անձամբ ես բավականին լավ ապրում եմ այս զգացողությամբ»:
«Արսենալի» հետ հրաժեշտի մասին
«Ես զգացի, որ ես այցելում եմ իմ՝ ամենաբարձր մակարդակով կազմակերպված թաղմանը: Մարդիկ զարմանալի էին: Նրանք ինձ ցույց տվեցին իրենց երախտագիտությունը: Անգլիայում դա կա: Ես թույլ չտվեցի ինձ արտասվել, քանի որ սովորել եմ զսպել ինձ: Եթե ես չիմանայի՝ ինչպես հաղթահարել զգացմունքներս, ես չէի կարողանա գոյատևել: Ես սովորել եմ վերահսկել իմ զգացմունքները»:
Ինչպե՞ս հաղթահարել ֆուտբոլիստների էգոն
«Եթե աստղը ցույց է տալիս արդյունք, բոլորը ընդունում են նրան: Եթե արդյունքը պատշաճ մակարդակում չէ, ապա բոլորը տեսնում են դա հանդերձարանում: Աստղերի խնդիրն այն է, որ նրանք կարող են շատ տեղ զբաղեցնել սենյակում: Խաղում և դրսում դու պետք է գտնես ճիշտ հավասարակշռություն: Ես հիշում եմ Թիերի Անրիին: Նա չէր խնդրում փոխանցում դաշտում, քանի որ նրա ազդեցությունը հանդերձարանում հսկայական էր: Երբեմն դա խնդիր էր դառնում»:
Անրիի հետ հարաբերությունների մասին
«Ես երբեք չեմ զանգել իմ նախկին խաղացողներին, երբ նրանց մոտ ամեն ինչ կարգին է: Բայց այս անգամ ես զանգեցի Անրիին և ասացի, որ նա չպետք է հիասթափվի: Ես փորձեցի զանգել նրան, երբ նա հեռացվեց իր պաշտոնից: Այժմ նա փնտրտուքների մեջ է, և ես առաջարկել եմ նրա գործակալին հանդիպում կազմակերպել: Շուտով այն կկայանա»:
Սիրարփի Աղաբաբյան