Պաշտոնանկությունների պատճառը վարչապետի հանձնարարականը չկատարելն է․ պարզաբանում է Վլադիմիր Կարապետյանը. «Փաստինֆո»

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել էին  վարչապետի աշխատակազմի  մի շարք առանցքային պաշտոնյաներ՝ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանը, վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը և վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանը։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հայտնեց, թե պատճառը հանձնարարություններ չկատարելն է։ «Բոլոր 3 դեպքերում էլ պաշտոնանկության պատճառը վարչապետի հանձնարարականը չկատարելն է»,-ասաց Կարապետյանը՝ առանց մանրամասնելու, թե ինչ հանձնարարականների մասին է խոսքը։

Ինչ վերաբերում է մյուս՝ կառավարության Իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխասյանի ու Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ Ամալյա Ենգոյանի, ինչպես նաեւ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի նախկին ղեկավար Հ․ Այվազյանի աշխատանքից ազատվելու պատճառներին՝ ապա Կարապետյանն ասաց, որ դրանց մասին բավարար տեղեկություններ չունի եւ խոստացավ ներկայացնել ավելի ուշ։

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների Հ. Այվազյանի ազատման պատճառը Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ ունեցած տարաձայնություններն են։ Հ.Այվազյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում երեկ չէր հերքել տարաձայնությունների առկայությունը։ «Եթե կոնֆլիկտ եղել է, ապա այն գործնականի հետ կապ չի ունեցել։ Ես այդ թեմայով չեմ ուզում խոսել։ Ինքը լուրերը տարածել է, ինքն էլ թող մեկնաբանի»,- ասել էր տեսչական մարմնի գրասենյակի նախկին ղեկավարը։

Տեսանյութեր

Լրահոս