
Երևանում գինովցած վարորդը մեքենայով մխրճվել է բնակելի տան մեջ. երեխաներ են վիրավորվել

Ապրիլի 3-ին, ժամը 21:27-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է տան պատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «KIA Optima» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել 9-րդ փողոցի տներից մեկի պատին. պատը (մոտ 10 քմ) և տանիքի կառուցատարրերը (մոտ 15 քմ) փլուզվել են: Տան բնակիչներ Ռ. (ծնված 2012թ.) և Մ. (ծնված 2017թ.) Ա.-երը հոսպիտալացվել են «Սրբ. Աստվածամայր» ԲԿ, որտեղ Մ.Ա.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն, իսկ Ռ.Ա.-ն անցնելով համապատասխան հետազոտություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել են ավտոմեքենան:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի