Մի հաղորդագրության պատմություն

Երեկ բավական ուշագրավ աշխատաոճով աչքի ընկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը։ Այն նախ հայտարարություն տարածեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին, որում բառացի նշված էր.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ վարչապետը տեղեկատվություն է ներկայացրել օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման մասին:

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին վերաբերող տարբեր հարցեր: Կողմերը կարևորել են ապրիլի 4-ին Մոսկվայում կայանալիք Հայ-ռուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը և վերջինիս շրջանակում քննարկվելիք հարցերը: Նշվել է, որ այսօր առկա են նախադրյալներ՝ հայ-ռուսական երկկողմ առևտրի ծավալների ընդլայնման համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության և ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ»։ Որոշ ժամանակ անց վարչապետի մամլո ծառայությունը հանդես եկավ նույն հաղորդագրության նոր՝ խմբագրված տարբերակով, որում արդեն ներկայացված էր միանգամայն այլ տեքստ. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման արդյունքները: Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-ռուսական համագործակցության օրակարգին վերաբերող տարբեր հարցերի: Կողմերը կարևորել են ապրիլի 4-ին Մոսկվայում կայանալիք Հայ-ռուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը և վերջինիս շրջանակում քննարկվելիք հարցերը:

Նշվել է, որ այսօր առկա են նախադրյալներ՝ հայ-ռուսական երկկողմ առևտրի ծավալների ընդլայնման համար: Կողմերը մտքեր են փոխանակել նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության և ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ»։

Ուշագրավ է սակայն, որ ՌԴ նախագահի պաշտոնական կայքում ներկայացված հաղորդագրությունը գրեթե նույնական է հաղորդագրության այն տեքստի հետ, որը սկզբում տարածել էր վարչապետ Փաշինյանի մամուլի ծառայությունը։

«Н.Пашинян проинформировал об итогах прошедшей 9 марта в Вене встречи с Президентом Азербайджанской Республики И.Алиевым по нагорнокарабахской проблематике и выразил благодарность российской стороне за весомую посредническую роль в переговорном процессе…».

Հասկանալի է, որ խնդիրը «տեղեկատվություն է ներկայացրել» եզրի մեջ է, որն իր մեջ որոշակի սուբորդինացիա է պարունակում՝ ընդգծելով հայկական կողմի ստորադաս կարգավիճակը։

Թերևս այդ պատճառով է վարչապետի մամլո ծառայությունը խմբագրել իր իսկ տարածած հաղորդագրությունը, ինչը, նկատենք, տարածված պրակտիկա չէ և կիրառվում է, թերևս, միայն խիստ անհրաժեշտության դեպքերում։ Խնդիրը, իհարկե, հաղորդագրությունների տեքստերը չեն։ Խնդիրը հայ-ռուսական հարաբերությունների բույթն ու որակն է։

Հայաստանի նոր իշխանությունների համար ևս հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են համարվել ուղղահայաց հարաբերություններ, որոնցում Հայաստանը ստորադաս կարգավիճակում է։

Այն, ինչում ժամանակին ընդդիմադիր Փաշինյանն իր ելույթներում մեղադրում էր նախկին՝ ՀՀԿ-ական իշխանություններին։

Հենց այդ բարդույթն էլ, ամենայն հավանականությամբ, պատճառ է դարձել, որպեսզի Փաշինյանի մամլո ծառայությունը խմբագրի իր իսկ տարածած հաղորդագրությունը։ Հաղորդագրության երկրորդ՝ ուղղված տարբերակը, իհարկե, ավելի բարեհունչ է ու հաճելի՝ ինքնիշխանության տեսանկյունից։ Խնդիրն այն է, սակայն, որ հաղորդագրության տեքստի ձևակերպումներից ինքնիշխանության կամ դրա բացակայության հանգամանքը չի փոխվում։ Վկան՝ նույն հեռախոսազրույցի մասին ՌԴ նախագահի պաշտոնական էջի հարորդագրությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930