Դավիթ Տոնոյանի՝ Փաշինյանին աջակցող հայտարարությունը Նյու Յորքից
«Ես՝ որպես պաշտպանության նախարար, ասում եմ, որ այդ ձևաչափը՝ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց», չի լինելու, ես այն վերաձևակերպել եմ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,- Նյու Յորքում հայ համայնքի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Նա նշել է, որ այդ նպատակով Հայաստանն ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները: «Մենք խրամատային, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների քանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,- ասել է Դավիթ Տոնոյանը:
Ուշագրավ է, որ Հայաստանի պաշտպանության նախարարի այս հայտարարությունը հնչել է Վիեննայում Փաշինյան-Ալիև հանդիպումից անմիջապես հետո։
Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, ըստ էության, բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերը կոշտացնող հայտարարություն է, և այն պետք է դիտարկել Վիեննայի հանդիպման համատեքստում։
Ճիշտ է, Տոնոյանը խոսել է նաև այն մասին, որ չեն կարող լինել զիջումներ, կարող են լինել միայն փոխզիջումներ, բայց նրա ներկայացրած նոր բանաձևը նշանակում է, որ բանակցային գործընթացում գոնե մինչև այս պահն առկա տրամաբանությամբ առաջարկվող զիջումներ չեն լինելու։
Ամբողջ խնդիրն այն է, թե այս նոր մոտեցումը հայկական կողմն ինչպե՞ս է կարողանալու օգտագործել, իրացնել բանակցային գործընթացում։
Տարիներ, տասնամյակներ շարունակ խոսվել է հայկական կողմից տարածքային զիջումների մասին՝ ըստ էության ոչնչի՝ անորոշ պայմաններով հանրաքվեի դիմաց։
Դավիթ Տոնոյանի հայտարարությունը նշանակում է, որ նման զիջումների Հայաստանը ոչ միայն չի գնալու, այլև անհրաժեշտության դեպքում պատրաստ է նոր տարածքներ գրավել։
Բնականաբար, այդ հայտարարության առաջին հասցեատերն Ադրբեջանն է, սակայն այն ինչ-որ իմաստով ուղղված է նաև ներքին լսարանին, որտեղ կրկին ակտիվացել են «հող հանձնելու» մասին խոսակցությունները։
Դավիթ Տոնոյանը, փաստորեն, ասում է, որ հայկական կողմը ոչ միայն՝ միակողմանիորեն հող չի հանձնելու, այլև՝ պատրաստ է անգամ նոր պատերազմի՝ նոր տարածքներ գրավելու նպատակով։