Երևանի քաղաքապետարանը պարգևներով արժևորեց թատերական գործիչների աշխատանքը
Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը պարգևատրեց ոլորտի ներկայացուցիչներին` նրանց գործունեության կարևորությունն ընդգծելու նպատակով: Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ մարտի 28-ին, ներկա էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Հպարտանում ենք, որ մշակութային ազգ ենք, որ մեր թատրոնն ավելի քան 2000 տարվա պատմություն ունի: Այո՛, ոչ ոք չի կարող հերքել, որ 2000 տարի առաջ Հայաստանում անտիկ թատերախմբեր էին գործում, և սա պատմական փաստ է: Փաստ է նաև, որ մեր թատրոնը հատկապես վերջին 200 տարվա ընթացքում բուռն զարգացում է ապրել, և մեր թատերական գործիչները հարստացել են ոչ միայն ազգային, այլև հարևան ժողովուրդների ու երկրների թատերարվեստով: Այդուհանդերձ, ես չեմ կարծում, որ մենք պետք է բավարարվենք պատմության կողմից մեզ շռայլորեն կտակված այս դափնիներով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց քաղաքապետը։
Քաղաքապետի համոզմամբ՝ հարուստ ժառանգությունը պարտավորեցնում է ամեն օր զարգացնելու մեզ ավանդված արժեքները՝ վերցնելով աշխարհից մեր բաժինը և տալով աշխարհին մերը:
Նա շնորհակալություն հայտնեց թատրոնի աշխարհում ներգրավված բոլոր մարդկանց ու թատերասերներին՝ շնորհավորելով բոլորին Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ:
Երևանի քաղաքապետի ոսկե մեդալների արժանացան Պետական կամերային երաժշտական թատրոնի պարուսույց Նարինե Միրզոյանը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը, ծննդյան 80-ամյակի կապակցությամբ և թատերարվեստում ունեցած ավանդի համար ոսկե մեդալով պարգևատրվեց Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Կարպիս Շամլյանը:
«Այս գնահատականն ինձ համար կարևոր է: Ոսկե մեդալը 48 տարի թատրոնում աշխատելուս և ծննդյանս կապակցությամբ եմ ստանում ու իսկապես շոյված եմ»,-նշեց Կարպիս Շամլյանը: Խոսելով երիտասարդ թատերական գործիչների մասին՝ դերասանն ասաց, որ իրենց ժամանակ ավելի բարդ էր ամեն ինչ: «Մենք երիտասարդների համար ամեն ինչ անում են ք»,-ընդգծեց նա:
Պատվոգրերի արժանացան Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի հանդերձարար Սվետլանա Կոնստանտինովան, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի դերասան Վահագն Գասպարյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Դավիթ Բաբայանը, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դիմահարդար Եվգենյա Գաբրիելյանը, Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Դիանա Խերանյանը::
Թատրոնի միջազգային օրը, որն ամեն տարի նշվում է մարտի 27-ին, առաջին անգամ նշվել է Ֆրանսիայում, որից հետո տարածվել է ամբողջ աշխարհում: Այն տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ: Համաձայն կանոնադրության՝ այս կազմակերպության գործունեությունն ուղղված է ազգերի միջև բարեկամության և խաղաղության ամրապնդմանը, ինչպես նաև աշխարհի բոլոր թատերական խմբերի միջև համագործակցության ընդլայնմանը: