Վարդան Արամյանը՝ ՀՀԿ-ն լքելու և իր հավանական նշանակման մասին

Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ կառուցվածքային փոփոխություններին համընթաց Կառավարությունում մտածում են կադրային նոր նշանակումների մասին, ընդ որում, որոշ դեպքերում փոխարինող կադրեր փնտրում են նախկին կառավարության կորպուսից: 168.am-ն ավելի վաղ գրել էր Վախթանգ Միրումյանի հետ կառավարության անդամներից մեկի հանդիպման մասին: Աղբյուրի համաձայն՝ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Միրումյանին, մասնավորապես, առաջարկվել էր ֆինանսների նախարարի պաշտոնը: Այս հրապարակումից հետո շրջանառվեց Ֆինանսների նախարարի մեկ այլ թեկնածուի անուն: Նշվում էր, որ Ատոմ Ջանջուղազյանին փոխարինելու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանագնացի միջոցով առաջարկ է արել ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանին:

Երեկ ՀՀԿ-ից դուրս գալու Վարդան Արամյանի դիմումը շատերը կապեցին նրա հավանական նշանակման հետ:

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը 168.am-ի զրույցում նշեց, որ ՀՀԿ-ից դուրս գալով հետագիծ մաքրելու խնդիր չունի, իսկ անդրադառնալով պետական համակարգ վերադարձին, ընդգծեց, որ կարող են լուրջ խնդիրներ առաջանալ.

«ՀՀԿ-ի հետ իմ բաժանումը բացարձակապես կապ չունի քաղաքական զարգացումների հետ, գործնական առաջարկների հետ՝ առավել ևս:

ՀՀԿ-ի իմ անդամակցությունը դադարեցվել է դեռ ամիսներ առաջ:
Եվ այդ որոշման հիմքում քաղաքական գործոններ չկան, քաղաքական ուժից դուրս գալը իմ պրոֆեսիոնալ գործունեության հետ է առնչվում: Միջազգային փորձագետը իրավունք չունի մասնագիտական մեկնաբանություններից դուրս այլ գործունեություն ծավալել, հատկապես ներգրավված լինել քաղաքական կազմակերպության մեջ»,- հայտնում է Վարդան Արամյանը:

Վարդան Արամյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ նախարարի պաշտոնի առաջարկ չի ստացել.

«Ինձ էլ են հասել այդ խոսակցությունները, թե իբր դիտարկվում եմ որպես նախարարի թեկնածու: Իրականում կառավարությունից ինձ որևէ առաջարկ չի արվել՝ ոչ նախկինում և ոչ էլ հիմա:

Երկար ժամանակ է՝ որպես միջազգային փորձագետ համագործակցում եմ Համաշխարհային բանկի հետ: Եվ ՀԲ կանոնների համաձայն՝ (Code of Conduct և Code of Ethics) իրավունք չունեմ ներգրավված լինել քաղաքականության մեջ: Ավելին, նույնիսկ նմանատիպ հավանական «ռիսկերի» դեպքում իմ գործատուն՝ Համաշխարհային բանկը, լրիվ իրավասու է դադարեցնել ինձ հետ կնքվող պայմանագիրը: Ընդ որում, ինձ վրա՝ որպես ՀԲ փորձագետի, տարածվում է նաև 1 տարվա սառեցման ժամանակահատվածի պահանջը (Cooling Period) կանոնի համաձայն»,- նշում է նախկին նախարարը:

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս