Բաժիններ՝

«Սեպտեմբերին մենք նույնիսկ հասանք ռեցեսիոն շեմի, ընդ որում՝ մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը ձգտում էր զրոյի, նույնիսկ մինուս նշանով էր». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ տնտեսության մեջ լինելու են և արդեն կան լրջագույն հաջողություններ։ Այս մասին նա հայտարարեց ԱԺ ամբիոնից՝ նշելով, թե նման եզրակացության են եկել հաշվի առնելով կառավարության վերջին ամիսների գործունեությունը։

«Դուք տեղյակ եք, որ հունվարին տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը կազմել է 5, 5 տոկոս, իսկ փետրվարին ունենք 7, 6 տոկոս, երկամսյա ակտիվության ցուցանիշը կազմել է 6,5 տոկոս։

Այս թվերն ինքնին դրական ենք համարում, բայց չենք համարում, որ մենք հասել ենք մեր ցանկալի ցուցանիշին, այստեղ կարևոր է դինամիկան։ Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա սեպտեմբերին մենք նույնիսկ հասանք ռեցեսիոն շեմի, ընդ որում՝ մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը ձգտում էր զրոյի, նույնիսկ մինուս նշանով էր։

Այդ ժամանակ կանխատեսումներ էին անում ու ասում, որ ամեն ինչ ավարտվում է, իսկ մենք պնդում էինք՝ ոչ, ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Այս պահից սկսած մեր տնտեսության մեջ դրական դինամիկա կա, որն ունի շատ լուրջ բովանդակություն։ Կասկած չունեմ, որ մեր վարած քաղաքականությունը շարունակաբար և հետևողականորեն բերելու է դրական դինամիակայի»,- նշեց վարչապետը։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախորդ տարվա տնտեսական ցուցանիշների մասին խոսելիս, պետք է տվյալների մասին չմոռանալ, քանի որ նախորդ տարի տեղի է ունեցել վարչապետի հինգ ընտրություն, երկրում փոխվել է երեք վարչապետ, նախագահի մեկ և Երևանի քաղաքապետի  արտահերթ ընտրություններ, ԱԺ լուծարում և արտահերթ ընտրություններ, ինչպես նաև թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխություն։

«Դուք համաշխարհային պատմության մեջ չեք գտնի որևէ երկրորդ երկիր, որտեղ տեղի են ունեցել այս ծավալի քաղաքական փոփոխություններ, ինչպես ընդունված է  ասել՝ քաղաքական անկայունության շրջան, և դրան չեն հետևել տնտեսական ռեցեսիոն գործընթացներ։

Այո, նախորդ տարի քաղաքական վայրիվերումներով տարի էր, բայց մեզ հաջողվեց պահել տնտեսական կայունությունը, սակայն այս տարվա համար մեր արձանագրումը բոլորովին ուրիշ է։ Հիմա Հայաստանը թևակոխել է երկարատև քաղաքական կայունության շրջան, ինչը սկսել է և սկում է արտահայտվել տնտեսության մեջ»,- նշեց վարչապետ Փաշինյանը։

Զվարթ Խաչատրյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս