Բաժիններ՝

Հերիքնազ Տիգրանյանը հակադարձեց Գևորգ Պետրոսյանին՝ կառավարությունից կաշկանդված չեն որոշումներ ընդունելիս

Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորների կողմից ներկայացրած նախագծին, որով առաջարկում են փոփոխություններ կատարել Աշխատանքային օրենսգրքում։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ քառօրյա նիստի ընթացքում անդրադառնալով  ներկայացրած նախագծին՝ ասաց, որ այնպիսի տպավորություն է ստացել, թե կառավարությունը որ նախագծին բացասական եզրակացություն է տալիս, ԱԺ-ն հետևում է կառավարության վարքին։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հակադարձելով Գևորգ Պետրոսյանին՝ հայտարարեց, որ գլխադասային հանձնաժողովն այդ նախագծին տվել է բացասական եզրակացություն՝ ոչ թե կաշկանդվելով կառավարությունից, այլ ունեցել է մասնագիտական կարծիք, եզրակացություն, թե ինչու նման նախագիծը չի կարող տեղ գտնել Աշխատանքային օրենսգրքում։

«Օրենքի նախագծով առաջարկվում է  կատարել այսպիսի փոփոխություն՝ ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողների հետ համատեղությամբ աշխատանքային պայմանագիր կնքել անորոշ ժամկետով, եթե անձը չի միջնորդել կամ գրավոր ձևով համաձայնություն չի տվել ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու։

Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքվում է այն դեպքում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով։ Մեր կարծիքով՝ առաջարկվող փոփոխությունը խտրական է այն առումով, որ նախ՝ կարգավիճակով պայմանավորված՝ տարանջատում է աշխատողներին, նրանց աշխատանքային հարաբերություններից դուրս ունեցած կարգավիճակով որոշելու իրենց համատեղությամբ աշխատանքային պայմանագրի ժամկետայնությունը»,- նշեց Հերիքնազ Տիգրանյանը։

Նրա խոսքով՝ այն նախագծում գործ ունեն կրկնակի խտրականության հետ, քանի որ, եթե կա խտրականություն հանրային ծառայողի և սովորական քաղաքացու միջև, կա խտրականություն նաև հանրային ծառայող կատեգորիաների միջև։

«Առաջարկվող նախագիծը տարածվում է միայն ընտրովի պաշտոնների վրա, որը հանրային ծառայության երեք ենթատեսակների տարատեսակներից ընդամենը մեկն է։ Այդ դեպքում ի՞նչ տրամաբանությամբ, օրինակ, դիվանագիտական ծառայության մեջ գտնվող անձը չի կարող միջնորդել կամ խնդրել, որպեսզի իր աշխատանքային պայմանագիրը կնքվի անորոշ ժամկետով»,- շեշտեց պատգամավորը։

Նա հաև հավելեց, որ գլխադասային հանձնաժողովում քննարկման ժամանակ նախագծի հեղինակներին առաջարկել են Աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի հետ կապված այլ կարգավորում, որին պատգամավորները տվել են իրենց համաձայնությունը։

«Բայց դրա մասին չեք հնչեցնում և մեզ մեղադրում եք կառավարության որոշմամբ կաշկանդված լինելու մեջ»,- եզրափակեց Հերիքնազ Տիգրանյանը։

Գևորգ Պետրոսյանն էլ Հերիքնազ Տիգրանյանին հիշեցրեց, որ ասել է՝ համաձայն կլինի իրենց առաջարկի հետ, սակայն այն շատ գլոբալ առաջարկ է, որը պետք է անցնի կառավարությունով։

«Այս նախագիծն անցել է կառավարությունով, դուք ասում եք՝ սա՝ հեչ, տեղում բան եք մտածում, ու ասում, թե՝ եկեք սա ընդունենք վերջնական։ Եթե ձեր մասնագիտական հակաճառությունն այդքան հիմնավոր էր, ի լուր հայտարարել էի, որ ինչ-որ մեկը գա հրապարակային բանավեճի և բերի հակափաստարկներ, ինչո՞ւ այդ առաջարկը որևէ մեկի կողմից չընդունվեց։ Խնդրում եմ, եզրույթներ օգտագործելիս լինեք հաշվենկատ, որովհետև դուք փաստորեն մեզ մեղադրեցիք կրկնակի խտրականություն ներառող նախագիծ ներկայացնելու մեջ։ Խնդրում եմ, գնացեք, Եվրոպական դատարանի վճիռները կարդացեք խտրականություն եզրույթի վերաբերյալ, որից հետո այն շռայլորեն օգտագործեք մեր նկատմամբ»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը։

Նշենք, որ 39 կողմ և 69 դեմ ձայներով ներկայացված նախագիծը չընդունվեց։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս