Բաժիններ՝

«Ինչու եք աշխատողի «պոչը» դնում գործատուի ոտքի տակ». Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կարծիքով՝ Աշխատանքային օրենսգրքում պետք է փոփոխություններ կատարվեն, քանի որ ներկայիս օրենսգրքով ընտրովի քաղաքական պաշտոններում հայտնված մարդիկ զրկվում են գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվելուց։

Ներկայացնելով Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը, պատգամավորն ասաց.

«Նախագծի բովանդակությունը հետևյալն է՝ ՀՀ գործող աշխատանքային օրենսգրքի համաձայն, մասնավորապես՝ 95-րդ հոդվածի 3-րդ մասի, թույլատրվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել համատեղությամբ աշխատողի հետ, այս նորմի նման վիճակով իրավակարգավորման պայմաններում նախորդ գումարման Ազգային ժողովում այնպիսի իրավիճակ եղավ, երբ գիտամանկավարժական գործունեություն իրականացնող դասախոսներն ընտրվում էին քաղաքական պաշտոններում:

Օրինակ՝ պատգամավորները բուհերի հետ ունեին անժամկետ պայմանագիր, բուհերը տվյալ անձանց քաղաքական պաշտոններում ընտրվելու հանգամանքը մեխանիկորեն հիմք ընդունելով, նրանց անորոշ ժամկետներով կնքած պայմանագրերն առանց աշխատողի համաձայնության՝ դարձնում էին ժամկետային, որպեսզի ամեն տարի գնան բուհի ղեկավարին խնդրեն-աղաչեն, որ կրկին մեկ տարի ժամկետով պայմանագիր կնքի։ Այսինքն՝ աշխատողի «պոչը» դնում էին գործատուի ոտքի տակ։ Ինչո՞ւ, եթե տվյալ աշխատողն այդ բուհի համար իրականացնում է մշտական բնույթ կրող գործունեություն, ի՞նչ նշանակություն ունի, որ նա ընտրվել է քաղաքական պաշտոնում»:

Նրա խոսքով՝ նախագծում գրել են միայն ընտրովի քաղաքական պաշտոնը, քանի որ ի սկզբանե նպատակ են ունեցել, որ այն առնչվի բացառապես պատգամավորներին, բայց մտածելով, թե հնարավոր է՝ կարծիք ստեղծվի, թե իրենք իրենց դարդերն են հոգում՝ որոշել են գրել ընտրովի պաշտոններ։

«ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ պատգամավորն այն եզակի պաշտոնատար անձն է, որն աշխատում է չնորմավորվող աշխատաժամանակով, այսինքն՝ նա լիարժեք հնարավորություն ունի պատգամավորի աշխատանքը զուգորդել գիտամանկավարժական գործունեության հետ։ Այս փոփոխությունը բխում էր ՀՀ աշխատանքային օրենսգրքով ամրագրված սկզբունքներից մեկի՝ աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքից, որն ամրագրված է ոչ միայն Աշխատանքային օրենսգրքում, այլև Հայաստանի կողմից վավերացված միջազգային կարևոր փաստաթղթերից մեկում՝ Եվրոպական խարտիայով»,- շեշտեց Գևորգ Պետրոսյանը։

Նրա բնորոշմամբ՝ խնդիրն ընդամենն այն է, որ այն մարդիկ, որոնք դառնում են պատգամավոր կամ ընտրվում են համայնքի ղեկավար, բուհերի հետ իրենց աշխատանքային գործունեությունը շարունակեն անորոշ ժամկետով։

Նա հիշեցրեց, որ նախորդ գումարման ԱԺ պատգամավորներից մեկին ընտրվելուց հետո զրկել են գիտամանկարվարժական գործունեությունից, վերջինս դեկտեմբերին չընտրվեց պատգամավոր, արդյունքում՝ զրկվեց երկու աշխատանքից։

«Այս նախագծի ընդունումը կնպաստի բուհում դասավանդող, միաժամանակ՝ նաև համատեղության կարգով, ԱԺ-ում պատգամավորի կամ այլ ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնող երաշխավորված աշխատանքային իրավունքի իրականացմանը։ Եթե խորհրդարանը հակված է դեմ քվեարկել, գոնե պետք է խնդիրը քննարկի։ Չեմ ուզում կոնկրետ որևէ անձի մեղադրել, բայց տպավորություն է ստեղծվում, որ կառավարությունը որ նախագծի վերաբերյալ բացասական եզրակացություն է տալիս, ԱԺ-ն ստիպված է հետևել կառավարության վարքին։

Հիմա ի՞նչ է, խորհրդարա՞նն է վերահսկողություն իրականացնում կառավարության նկատմամբ, թե՞ կառավարությունը կառավարական վերահսկողություն է իրականացնում խորհրդարանի նկատմամբ։ Գոնե այս տպավորությունը ցրելու համար ԱԺ-ն պետք է խնդիրը քննարկի»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս