«Առանց Ձեր միջամտության անխուսափելի կլինեն վտանգավոր և անկանխատեսելի հետևանքներով հղի որոշումները». բաց նամակ
Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
«Մեծարգո պարոն վարչապետ
Ձեզ ենք դիմում ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի շուրջ վերջերս ստեղծված անհասկանալի և հակասական իրավիճակի կապակցությամբ՝ հավատալով, որ առանց Ձեր միջամտության անխուսափելի կլինեն վտանգավոր և անկանխատեսելի հետևանքներով հղի որոշումներն ու դրանց հաջորդող գործողությունները:
Իրավիճակի հակասականությունը պայմանավորված է հետևյալով: Նախ՝ ԿԱԻ-ի կառավարման խորհուրդը կայացրել է մի որոշում, որի հիման վրա ԿԱԻ-ի բոլոր աշխատակիցները ծանուցում են ստացել այն մասին, որ մարտի 31-ից կարող են լուծվել նրանց աշխատանքային պայմանագրերը: Այդ որոշման համար իբրև հիմք է ընդունվել այն, որ նախատեսվում է 2019 թ-ին որոշակի միջոցառումներ «իրականացնել մրցութային կարգով, որի արդյունքում հնարավոր է ԿԱԻ-ի ֆինանսավորման նվազեցում»:
Թվում է, թե առողջ բանականությունը հուշում էր, որ այդ որոշմանը հաջորդելու էին համապատասխան մրցույթների հայտարարումն ու անցկացումը, որոնց արդյունքում որոշակիություն կստանար ԿԱԻ-ի ֆինանսավորման նվազեցման չափը, այնուհետև դրա հիման վրա կվերանայվեր ԿԱԻ-ի հաստիքացուցակը, քայլեր կձեռնարկվեին նոր հաստիքցուցակից բխող կրճատումների կանոնակարգման ուղղությամբ, որպեսզի աշխատակիցներից յուրաքանչյուրի համար պարզ լիներ աշխատանքային պայմանագրի շարունակման կամ լուծման հարցը:
Սակայն, ոչ միայն այդ ուղղությամբ որևէ քայլ չկատարվեց, այլև իրավիճակն էլ ավելի խճճվեց, երբ ԿԳՆ-ն ս/թ փետրվարին իր պաշտոնական կայքում անսպասելի հայտարարություն տարածեց այն մասին, որ ԿԱԻ-ին՝ որպես ՓԲԸ, լուծարվելու է, և այնուհետև ստեղծվելու է կրթության ընդհանուր ծրագրային հարցերով զբաղվող նոր կառույց: Այս հայտարարությունն ավելի ընդլայնեց անորոշությունների շրջանակը, և մեծ հնչեղություն ստացան բազմաթիվ կասկածներ, հարցեր ու տագնապներ:
1. Եթե կառավարման խորհրդի որոշման մեջ հիշատակված միջոցառումներն իրոք մրցութային կարգով են իրականացվելու, ապա ինչո՞ւ է ԿԳՆ-ն առ այսօր ԿԱԻ-ին անմիջականորեն ներկայացնում բազմազան հանձնարարություններ ու պատվերներ, ընդ որում՝ առանց որևէ ֆինանսավորման: Ինչո՞ւ են դրանց կատարման դիմաց աշխատավարձեր վճարում ԿԱԻ-ի՝ նախորդ տարիների գործունեությամբ ստացված շահույթների խնայողությունների հաշվին. չէ՞ որ ավելի նպատակային կլիներ այդ շահույթն օգտագործել առաջադիմական այնպիսի ծրագրերի համար, որոնց շնորհիվ կբարձրանար նաև ԿԱԻ-ի մրցունակությունը և կհաղթահարվեր ֆինանսավորման հնարավոր նվազեցման դժվարությունը: Տպավորություն է ստեղծվում, որ ԿԳՆ-ն արդեն երեք ամիս դիտավորյալ կասեցրել է ԿԱԻ-ի ֆինանսավորումը՝ այն տանելով լուծարման:
2. Եթե կյանքի կոչվի մյուս մոտեցումը, և ԿԱԻ-ն լուծարվի, այդ դեպքում մի՞թե միանգամից գործազրկություն է սպառնում կրթական համակարգում ծանրագույն պայմաններում իրենց ուսերին հսկայական բեռ կրող ԿԱԻ-ի աշխատակիցներին: Այդպիսի կասկածն անմիջապես բխում է ԿԳՆ-ի վերոհիշյալ հայտարարությունից, որում բացահայտ նշվում է, որ նորաստեղծ Հիմնադրամի համար հայտարարվելիք մրցույթում «կարող են մասնակցել նաև ԿԱԻ-ի աշխատակիցները»: Հայտարարող կողմին՝ ԿԳՆ-ին, թվում է, թե մրցութին մասնակցելու թույլտվությունը արժանապատիվ վերաբերմունք է փորձառու մասնագետի համար:
3. Եթե ԿԱԻ-ն լուծարվի, ի՞նչ է սպասվում նրա մասնաճյուղերին. չէ՞ որ մայրաքաղաքից հեռու բնակավայրերի ուսուցիչների համար մասնաճյուղերը մեթոդական աջակցություն ցուցաբերող միակ հենարաններն են, մի՞թե գործող մասնաճյուղերին ևս սպառնում է տեխնիկական և մասնագիտական ներուժի փոշիացման այն ճակատագիրը, ինչին մեկ տարի առաջ նախորդ իշխանության կողմից «արժանացան» նրանցից չորսը՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Արցախի մասնաճյուղերը:
4. ԿԱԻ-ի լուծարման դեպքում ի՞նչ է սպառնում նրա կողմից հիմնադրված տասը անուն մասնագիտական ամսագրերին, մի՞թե 2018թ. ամբողջ տարվա ընթացքում ամսագրերի հրատարակման գործընթացի՝ որևէ արդարացում չունեցող ընդհատումը ի վերջո հանգեցնելու է դրանց դադարեցման, չէ՞ որ առանց մասնագիտական պարբերականների անհնար է պատկերացնել գիտամանկավարժական մտքի առաջընթացը:
5. Ի՞նչ գործառույթներ և կառուցվածք է ունենալու այդ նոր կազմավորվող կառույցը: Ինչպես բացատրել ԿԳՆ-ի այն մոտեցումը, ըստ որի՝ փորձ է արվում ԿԱԻ-ի վերակազմավորմանը վերաբերող հարցերը լուծել առանց ԿԱԻ-ի մասնակցության, առանց նրա մասնագիտական ներուժի օգտագործման, առանց բավարար հրապարակայնության:
6. Վերակազմավորվող կառույցում նախատեսվու՞մ են արդյոք գործառույթներ նաև մշակույթի և սպորտի վերաբերյալ. չէ՞ որ պետական կառավարման լիազոր մարմինը այսուհետ ներառելու է նաև այդ բնագավառների գործունեության կանոնակարգումը:
Վերոհիշյալ այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանները դեռևս շատ անորոշ են, դրանց վերաբերյալ չեն եղել մասնագիտական հետազոտություններ, մասնագիտական հանրությունը մեկուսացվել է քննարկումներից, և գործընթացները ծավալվում են ժողովրդավարական սկզբունքներին անհարիր եղանակներով:
Նախարարի հետ ԿԱԻ կոլեկտիվի օրերս կայացած հանդիպումը ևս անպատասխան թողեց նաև հետևյալ հարցերը.
- Ինչո՞ւ է լուծարվում ԿԱԻ-ն,
- Ի՞նչ գործառույթներ է իրականացնելու նոր ստեղծվող կառույցը,
- Ի՞նչ կառուցվածք է այն ունենալու,
- Ինչո՞ւ չի կարելի ԿԱԻ-ի շրջանակներում իրականացնել հստակ բարեփոխումներ՝ վերանայելով նրա գործառույթները, կառուցվածքը և կադրային համակազմը:
Ավելին, այդ հանդիպման ժամանակ նախարարը տեղեկացրեց, որ ոչ թե ստեղծվելու է առանձին կառույց, այլ համակարգի նմանատիպ բոլոր կառույցները միավորվելու են մի հիմնադրամի մեջ: Իսկ սա արդեն անսպասելի մի նոր մոտեցում է, ինչը վկայում է, որ ԿԱԻ-ի վերակազմավորման քայլերը օրեցօր փոփոխվում են, այսինքն՝ հարցը բոլորովին նախապատրաստված չէ:
Ուստի խնդրում և պահանջում ենք՝
1. կանխել ԿԱԻ-ի կարգավիճակին վերաբերող հապճեպ, չհիմնավորված, դեռևս լիովին չնախապատրաստված որոշումների կայացումը,
2. հստակեցնել ապագա կառույցի գործառույթները, դրանց իրականացմանն անհրաժեշտ համապատասխան կառուցվածքային մոդելը,
3. առաջարկվող մոտեցումները դնել քննարկման ԿԱԻ-ում և կրթական հանրության լայն շրջանակներում,
4. ԿԱԻ-ի վերակազմավորման հարցը բազմակողմանիորեն ուսումնասիրելու և ծրագրային առաջարկություններ մշակելու նպատակով ձևավորել մասնագիտական հանձնախումբ, որում ներառված կլինեն նաև ԿԱԻ-ի ներկայացուցիչները,
5. ԿԱԻ-ի փոխարեն հիմնվող նոր կառույցի ձևավորումը ավարտելուն զուգահեռ ձեռնամուխ լինել ԿԱԻ ՓԲԸ-ի լուծարման գործընթացի իրագործմանը»:
ՀՀ ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ աշխատակիցներ