Հայաստանում կմեկնարկի «Կանաչ գյուղատնտեսության» զարգացման 11.7 միլիոն եվրոյի ծրագիր
Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից համաֆինանսավորվող ու իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն»-ը (ՕԳԱՆ) մարտի 22-ին ներկայացրել է 3,3 մլն եվրո արժողությամբ իր ծրագրի արդյունքները: Այս մասին տեղեկացրին «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն»-ից:
Հաղորդագրության մեջ նշված է. «Ծրագիրը մեկնարկել էր 2015 թ.-ին Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման նպատակով և իրականացվել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությամբ:
Փակման միջոցառմանը զուգահեռ տեղի ունեցավ Ձորաղբյուրում (Կոտայք) վերազինված Ուսուցման կանաչ կենտրոնի և Արճիսում (Տավուշի մարզ) նոր Ուսուցման կանաչ կենտրոնի բացման արարողությունը, որտեղ ծրագրով տրամադրվել է նոր տեխնիկա, գործիքներ և սարքավորումներ փորձացուցադրական կարողությունների բարելավման նպատակով: Միջոցառման ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին մասնակցեց կենտրոնի վերաբացման ժապավենը կտրելու և օրգանական ծառ տնկելու հանդիսավոր արարողություններին:
«Եվրամիությունը աջակցում է գյուղատնտեսությանը` որպես Հայաստանի տնտեսության հիմնական ոլորտներից մեկին, որը կազմում է ՀՆԱ-ի մոտ 18 տոկոսը և ապահովում է աշխատուժի մոտ 36 տոկոսը: Գյուղատնտեսությունը և գյուղի զարգացումը հարակայուն զարգացման ավելի լայն օրակարգի անկյունաքարերից է, ինչպես նշված է Հայաստանի 2014-2025թթ. զարգացման ընթացիկ ռազմավարության մեջ: Օրգանական գյուղատնտեսությունը կարող է լինել նշակետ Հայաստանի համար, ինչը համապատասխանում է տեղական համատեքստին, այսինքն՝ քանակի փոխարեն ապավինել արտադրանքի բարձր որակին: ԵՄ-ի «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագիրը նպաստել է Հայաստանի կայուն գյուղատնտեսության զարգացման ռազմավարության իրականացմանը` աջակցելով օրգանական գյուղատնտեսության մասին օրենքի և այլ իրավական ակտերի վերանայմանը: Ծրագրի շրջանակներում իրականացված գործողություններից էր օրգանական խորհրդատվական ծառայությունների խթանումը, օրգանական արտադրանքի մասին իրազեկվածության բարձրացումը, արտադրողների համար շուկաների հասանելիության բարձրացումը և գյուղատնտեսական կրթության ոլորտի խթանումը», – ասաց դեսպան Սվիտալսկին:
Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ ՕԳԱՆ ծրագիրը 1 միլիոն եվրո է տրամադրել ուղղակիորեն 45 հայ ֆերմերներին և վերամշակողներին, սկսելու կամ ընդլայնելու իրենց օրգանական արտադրությունը: Օրգանական գյուղատնտեսական ուսումնական ծրագիր է ներդրվել Հայաստանի գյուղատնտեսական քոլեջներում ապագա մասնագետներին կրթելու համար, և մշակվել են համապատասխան դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ: Ծրագիրը նաև կոնկրետ ներդրում է ունեցել կառավարության շրջանակներում օրգանական արտադրանքի և առևտրի օրենսդրական ու կարգավորող դաշտը բարելավելու ուղղությամբ:
Օրգանական արտադրանքի համար ստեղծվել է նոր բրենդավորում և փաթեթավորում, իրականացվել է առաջմղում տեղական և միջազգային շուկաներում: «Օրգանական սեպտեմբեր» և նման քարոզարշավների շնորհիվ Հայաստանում օրգանական սննդի առավելությունների մասին իրազեկվածությունը աճել է 40%-ով, ստեղծելով 680 մշտական և սեզոնային աշխատատեղեր՝ օրգանական արտադրողների շրջանառությունը զգալիորեն ավելացել է:
«Մենք սկսեցինք այս ճանապարհորդությունը 2015 թ.-ին՝ նպատակ ունենալով համախմբելու, ամրացնելու և զարգացնելու օրգանական սեկտորը Հայաստանում: Շատ ուրախ եմ, որ այդ ժամանակից ի վեր օրգանական արտադրողների թիվը կրկնապատկվել է: Համեղ հայկական օրգանական արտադրանքը գրավել է նաև միջազգային գնորդների ուշադրությունը Դուբայում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում ցուցահանդեսների արդյունքում` պայմանավորված ավելի քան 0.5 միլիոն եվրո արժողությամբ պայմանագրերով», – ասաց Ավստրիական զարգացման գործակալության ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը:
«Ծրագրի մեկ այլ նվաճումներից է «Օրգանական Հայաստան» ասոցիացիան, որը ստեղծվել է ապահովելու ուժեղ և միասնական ազգային ձայն օրգանական գյուղատնտեսության ոլորտում հավաստագրված ֆերմերների և վերամշակողների համար և ստեղծելու ու աջակցելու արտադրողի կողմից առաջնորդվող ազգային օրգանական շարժմանը և ներպետական քաղաքականության հարթակին:
Յուրաքանչյուր ավարտ մի նոր բանի սկիզբ է՝ ծրագրի լավ աշխատանքի շնորհիվ ԱԶԳ-ն կարող է ներկայանալ որպես ԵՄ-ի վստահելի գործընկեր գյուղատնտեսության ոլորտում, և շուտով մենք մեկնարկն ենք տալու Հայաստանում «Կանաչ գյուղատնտեսության» զարգացման 11.7 միլիոն եվրոյի ծրագրի` ԵՄ-ի կողմից հսկայական աջակցությամբ», – ընդգծել է Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը»: