
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը

Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը, ինչը ներդրում կունենա տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում՝ ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի համընդհանուր արժեքների խթանման միջոցով։ Այս մասին տեղեկացրին Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Ողջունում ենք մարտի 19-ին Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը։ Խորհրդարանական դիվանագիտությունը Արցախի միջազգային համագործակցության ընդլայնման կարևոր ձևաչափերից մեկն է։
Կանադացի խորհրդարանականների այս քայլը ևս մեկ անգամ վկայում է Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ մեկուսացման քաղաքականության անթույլատրելիության ու անընդունելիության մասին։ Համոզված ենք, որ Բարեկամության խմբի ձևավորումը կնպաստի երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամական կապերի ընդլայնմանը, ինչպես նաև ներդրում կունենա տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում՝ ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի համընդհանուր արժեքների խթանման միջոցով։
Մեր երախտագիտությունն ենք հայտնում ՀՅԴ Հայ Դատի Կանադայի hանձնախմբին` բարեկամության խմբի ձևավորման գործում աջակցություն ցուցաբերելու համար»,- նշված է Արցախի ԱԳՆ մեկնաբանության մեջ։