
Հայաստանի և Բելառուսի ԱԳՆ-ներն անցկացրել են համաեվրոպական թեմատիկայով խորհրդակցություններ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում մարտի 15-ին կայացել են Հայաստանի և Բելառուսի արտաքին գերատեսչությունների միջև խորհրդակցություններ՝ համաեվրոպական թեմատիկայով։ ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպայի վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Սամվելյանը, իսկ ԲՀ ԱԳՆ պատվիրակությունը՝ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով գլխավոր վարչության պետ Անդրեյ Բուշիլոն։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ և ԲՀ-ԵՄ երկկողմ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական օրակարգերը, մասնավորապես, անդրադարձ են կատարել ԵՄ-ի հետ ինչպես արդեն կնքված, այնպես էլ դեռևս բանակցվող համաձայնագրերին, առևտրաշրջանառության ծավալների վերաբերյալ թարմացված վիճակագրությանը։
Զրուցակիցները քննարկել են նաև ԵՄ Արևելյան գործընկերության տասնամյակի տոնակատարությանը նվիրված միջոցառումների ժամանակացույցը՝ մտքեր փոխանակելով նաև Հայաստանում և Բելառուսում ԱլԳ շրջանակներում նախատեսվող միջոցառումների վերաբերյալ։
Այնուհետև կողմերն անդրադարձել են հայ-բելառուսական համագործակցությանը միջազգային կազմակերպությունների՝ հատկապես, ԵԱՀԿ և ԵԽ շրջանակներում։ Քննարկվել են նաև տարածաշրջանային մի շարք հարցեր։
Խորհրդակցությունների ավարտին բելառուսական կողմը հայկական կողմին հրավիրել է Բելառուս՝ միջգերատեսչական խորհրդակցությունների հաջորդ փուլն անցկացնելու նպատակով։