Կոտայքի մարզպետը կդիմի դատարան՝ չեղարկելու Նոր Գեղիում գյուղապետի անունով անվանակոչված փողոցն ու արվեստի դպրոցը
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է, որ մարզում իրականացվում է տնտեսական հեղափոխություն, որի արդյունքում մոտավորապես 2 տասնյակից ավելի բիզնես ներդրումներ են իրականացվում։
«Այդ բոլորն էլ իմ պաշտոնավարումից հետո են եղել, բանակցություններ են եղել, հրավիրել ենք, հանդիպումներ անցկացրել։ Խոսքը չորս հիմնական ոլորտների մասին է, այս պահին կառուցվում են երկու խոշոր՝ հյուրանոցային և առողջարանային համալիրներ, ադամանդագործություն՝ խոսքն Աբովյանի և Նոր Հաճընի տարածաշրջանների մասին է, վերջերս եմ եղել շինհրապարակում, ադամանդագործության համար կառուցվում է շուրջ 3 հազար քմ եռահարկ շինություն, ընդլայնում ենք արտադրական տարածքները։
Այգեգործություն և գյուղատնտեսություն՝ չորս համայնքներում այս պահին 17 հեկտար նոր ջերմոցներ են հիմնվում, նախորդ տարվա տվյալներով, Կոտայքում ընդհանուր ունեինք 90 հեկտար ջերմոցային տնտեսություններ։ 17 հեկտար ջերմոցային տնտեսության հիմնումը ենթադրում է 450-500 աշխատատեղ։ Այլընտրանքային էներգետիկա ոլորտում նույնպես սպասվում են ներդրումներ։ Ներդրումների արդյունքում՝ բոլոր ոլորտներում, ակնկալում ենք, որ մինչև տարվերջ 1000-1200 աշխատատեղ կունենանք»,- ասաց Կոտայքի մարզպետը։
Անդրադառնալով մարզում սպասվող բացահայտումներին, Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ ամենախոշոր բացահայտումը եղել է Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի կողմից կատարված չարաշահումները, որից հետո քաղաքում 138 մլն դրամի վերականգնում է տեղի ունեցել։
«Տարբեր համայնքների ղեկավարների նկատմամբ ունենք հարուցված 3-4 քրեական գործեր, քանի որ դրանք նախաքննության փուլում են, կոռեկտ չեմ համարի գնահատականներ տալ։ Քրեական գործեր են հարուցվել Պտղնի, Նոր Գեղի համայնքների ղեկավարների նկատմամբ, Դատախազության կողմից էլ քրեական գործի հարուցումը մերժվեց Քասախ համայնքի ղեկավարի նկատմամբ, այլ դրվագով այդ համայնքի նկատմամբ կա հարուցված գործ, մենք սպասում ենք զարգացումներին»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը։
Խոսելով Նոր Գեղիի համայնքապետի՝ Ֆրոնտիկ Թադևոսյանի կողմից իր անունով գյուղում արվեստի դպրոցն անվանակոչելուց, Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրեց, որ դիմել է դատարան, որպեսզի փողոցը հետ անվանակոչեն։
«Նոր Գեղիի ավագանուն առաջարկել եմ անվանափոխություն, սակայն առաջարկը մերժվել է, և օրենքով սահմանված կարգով այս որոշումն արդեն պետք է վիճարկեմ դատարանում։ Այո, պատրաստվում եմ դիմել դատարան, որպեսզի չեղարկվի այդ համայնքի արվեստի դպրոցը Ֆրոնտիկ Թադևոսյանի անունով կոչելու որոշումը։ Համայնքը կորոշի, թե ինչ անունով կոչի դպրոցը կամ փողոցը»,- ընդգծեց Կոտայքի մարզպետը։
Զվարթ Խաչատրյան