Դեսպան Կիրակոսյանը ՄԹ պետքարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստանում բրիտանական ներդրումները
Ֆորին Օֆիսում մարտի 11-ին կայացել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հանդիպումը Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկյան հարցերով պետնախարար Ալան Դանքնի (Alan Duncan) հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով դեսպանին, պետնախարար Դանքնը շնորհավորել է Արման Կիրակոսյանին ՄԹ-ում ՀՀ դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով իր առաքելության իրականացման ընթացքում:
Դեսպանի խնդրանքով պետնախարար Դանքնը ներկայացրել է Բրեքսիտի հետ կապված իրավիճակը և գործընթացի զարգացման հնարավոր ուղիները:
Անդրադառնալով ՀՀ-ՄԹ երկկողմ հարաբերություններին` դեսպանը և պետնախարարը համակարծիք են եղել, որ դրանք գտնվում են բարձր մակարդակի վրա: Նշվել է նաև, որ Բրեքսիտից հետո Հայաստանի և Միացյալ Թագավորության հարաբերությունները պետք է շարունակվեն՝ հիմնվելով երկկողմ և բազմակողմ հարթությունում կուտակած դրական ու հարուստ փորձի և ամուր իրավապայմանագրային դաշտի վրա:
Զրույցի ընթացքում Արման Կիրակոսյանը ներկայացրել է Հայաստանում ընթացող գործընթացները և կառավարության առաջնահերթությունները, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսական ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով այս համատեքստում Հայաստանում բրիտանական ներդրումների կարևորությունը:
Դեսպանը ներկայացրել է նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումներն ու դիրքորոշումը, ինչպես նաև՝ բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
Արման Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել պետնախարարին Հայաստանում ՄԹ-ի կողմից իրականացվող ծրագրերի համար՝ շեշտելով դրանց կարևորությունը մեր երկրի համար: