Բաժիններ՝

Ռամոսը հանդիպել է Պերեսին, բայց կողմերը չեն հաշտվել

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը հանդիպել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, որպեսզի քննարկի հանդերձարանում եղած կոնֆլիկտը:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից դուրս մնալուց հետո Ռամոսն ու Պերեսը վիճել են ողջ թիմի աչքի առաջ:

Պերեսը «Ռեալի» խաղացողներին նախատել է, նույնիսկ օգտագործել է «ամոթ» բառը: 32-ամյա իսպանացին պատասխանել է. «Վճարեք ինձ, և ես կմեկնեմ այստեղից»:

Ֆուտբոլիստն ու նախագահը հանդիպել են շաբաթվա ընթացքում, սակայն, իսպանական մամուլի հավաստիացմամբ, կողմերը դեռ հաշտություն չեն կնքել:

Ռամոսն ու մյուս ֆուտբոլիստները շատ վիրավորվել են Պերեսի խոսքերից, քանի որ ստացել են տպավորություն, որ այդ իրենք չեն երեք տարի անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգան:

Իրավիճակը բարդանում է, քանի որ Ռամոսի՝ «Ռեալի»  հետ պայմանագիրը հաշվարկվում է մինչև 2021 թվականի ամռանը: Եթե ակումբը որոշի դադարեցնել իսպանացու հետ պայմանագիրը, ստիպված կլինի նրան վճարել 25 մլն եվրո:

Ակումբում ֆուտբոլիստի ապագան կասկածի տակ է, չնայած նրան, որ Ռամոսը Պերեսին ասել է, որ ցանկանում է իր կարիերան ավարտել «Ռեալում»: Ավագը և  նախագահը պայմանավորվել են նոր հանդիպման համար:

Չնայած Պերեսի հետ ունեցած տարաձայնություններին, Ռամոսը վերցրել է  պատասխանատվությունն իր վրա և մտադիր է ամեն ինչ անել, որ թիմը հաջողությամբ անցկացնի մրցաշրջանի մյուս մասը և երկրորդ տեղը գրավի Լա Լիգայում: Պաշտպանը զրուցել է մյուս խաղացողների հետ` առանց մարզչական կազմի մասնակցության:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս