Անհայտ կորած ազատամարտիկների մի խումբ հարազատներ պարգևատրվել են մեդալներով
ՀՀ «Հայոց արծիվներ» կուսակցության կողմից այսօր «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպությունում հայապահպանության համար մեդալներով պարգևատրվել են անհայտ կորած ազատամարտիկների մի խումբ հարազատներ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» ՀԿ նախագահ Վերա Գրիգորյանը, ողջունելով ներկաներին, կանանց շնորհավորել է գարնանային տոների առթիվ՝ մաղթելով առողջություն, հույս և ամուր կամք:
«Մեր գործունեության ընթացքում համագործակցում ենք երկրի իշխանությունների, տարբեր հասարակական և բարեգործական կազմակերպությունների հետ: Արդեն 3 տարի է, ինչ աշխատում ենք ՀՀ «Հայոց արծիվներ» կուսակցության հետ. նրանք ցանկություն են հայտնել ՀԿ 6 անդամի պարգևատրել «Ֆիդայինների միություն» մեդալներով, իսկ 10-ին էլ հանձնել նվերներ: Այս միջոցառմամբ մենք փորձում ենք ինչ-որ ձևով սփոփել անհայտ ճակատագիր ունեցող տղաների մայրերին ու կանանց»,- մասնավորապես ասել է Վ. Գրիգորյանը:
ՀՀ «Հայոց արծիվներ» կուսակցության Արցախի կառույցի նախագահ Ռոման Բալայանը, ով կատարել է պարգևատրման արարողությունը, ասել է, որ այս կերպ իրենք ուզում են ուշադրության կենտրոնում պահել այն կանաց, ովքեր մինչ այսօր հույսով ու հավատով սպասում են իրենց որդիների, ամուսինների ու հարազատների տունդարձին:
«Տարիներ առաջ, երբ Արցախը գտնվում էր օրհասական վիճակում, մեր մայրերի որդիները, ամուսիններն ու եղբայրներն են ոտքի կանգնել՝ պատրաստ անգամ իրենց կյանքերը զոհելու հանուն հող հայրենիի: Տա Աստված, որ էլ երբեք հայոց մայրերի աչքերը երբեք չարցունքոտվեն»,- ասել է Ռ. Բալայանը:
«Ֆիդայինների միություն» մեդալով պարգևատրված անհայտ կորած ազատամարտիկի մայր Առլետա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ «Հայոց արծիվներ» կուսակցության և «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպության ղեկավարներին՝ իրենց նման ուշադրության արժանացնելու համար:
Նա ասել է, որ կորստի ցավը խորն է, ոչ ոք չի կարող այն ամոքել, սակայն նման միջոցառումներով ինչ-որ չափ իրենց պաշտպանված են զգում: