«Նիկոլ Փաշինյանը գործակալական բացահայտման աշխատանքները պետք է սկսի իրենից». Գուրգեն Եղիազարյան

«Գործակալների թեման շատ հետաքրքիր է, օրերս «Բաց հասարակության հիմնադրամներ» Հայաստանի  տնօրեն Լարիսա Մինասյանը հայտարարեց, որ օգնել է Փաշինյանի հեղափոխությանը, ինչպե՞ս է օգնել, իհարկե, չի ասում, որ գնացել Տերյան-Սայաթ-Նովա փողոցներում պառկել ու ճանապարհ է փակել։ Նրա օգնությունը կարելի է պատկերացնել, որ գումարներ է եկել, որոնք տիկին Լարիսան փոխանցել է, այսինքն՝ նա մաս ունի այդ հեղափոխությունից։ Եթե մաս ունի հեղափոխությունից, ուրեմն Նիկոլ Փաշինյանը գործակալական բացահայտման աշխատանքները պետք է սկսի իրենից, թող հանրությանը պատմի, թե ի՞նչ կապ ունի տիկին Լարիսայի հետ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց  ԱԱԾ նախկին պետի տեղակալ, հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ պետք է մերժվեն այն քաղաքական գործիչները, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան՝ քաղաքական գործիչներ։

Հիշեցնենք, որ այս մասին վարչապետը հայտարարել էր փետրվարի 27-ին Իրան կատարած այցի ընթացքում, սակայն նա կոնկրետ անուններ չէր նշել։

Ըստ Գուրգեն Եղիազարյանի, երբ այս մասին ՀՀ վարչապետը կմանրամասնի, այն ժամանակ էլ ինքը կասի՝ դա գործակալական կա՞պ է, թե՞ ոչ։

«Հետո թող ասի Սանասարյան Դավիթի մասին, այն Սանասարյան Դավիթի, որը չգիտեմ դրսի որ կառույցի դրդմամբ՝ Ռուսաստանի դրոշն այրում էր Ռուսաստանի դեսպանատան առջև։ Թող մեզ մի քիչ պատմի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մասին, մի քիչ էլ՝ ԿԳ նախարարի մասին։ Չար լեզուներն ասում են, որ նա մոտավորապես կարող է հանգիստ պատմել գործակալների՝ իր կառավարության մոտ 30-40 տոկոսի մասին։ Երբ այս մասին նա պատմի, ես էլ կգամ, կասեմ, թե գործակալը որտե՞ղ է ծնվում, և ո՞ւր է գնում»,- ասաց Գ. Եղիազարյանը։

Կարդացեք նաև

Անդրադառնալով Ալեքսանդր Սարգսյանին երկրից որոշ ժամանակով բացակայելու թույլտվությանը և զուգահեռներ անցկացնելով Սամվել Մայրապետյանի և Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործերի միջև, երբ վերջինիս արգելեցին լքել երկիրը, Գուրգեն Եղիազարյանը նկատեց՝ Սեյրան Օհանյանը «սխալ» բաներ է անում, եթե «թեթև» ցուցմունք տա, ապա նոր պաշտոն կստանա։

«Օհանյանին չթողեցին երկիրը լքի, որովհետև նա «լուրջ հանցագործ» է։ Սեյրան Օհանյանը մեր հպարտ սպաներից մեկն է, որը պատերազմի դաշտում լրջագույն դեր է ունեցել, ես նրա կողմից եմ։ Իսկ այն բոլոր ստահակները, որոնք որոշել են կեղծ ցուցմունքներ տալ, որպեսզի պաշտոն ստանան, թող նրանք ասեն, թե ինչո՞ւ են թույլատրել Ալեքսանդր Սարգսյանը գնա երկրից, իսկ Օհանյանը՝ ոչ։ Պարզ չէ՞, թե ինչ է կատարվում, այս երկրում անվտանգությունը, ոստիկանությունը, դատախազություն, ամեն ինչի մարմնավորումն ունի մեկ անուն՝ Նիկոլ, հրապարակված ձայնագրությունը չե՞ք լսել»,- եզրափակեց Գուրգեն Եղիազարյանը։

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս