Նախարարը բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել է փոխպատվաստման ծառայության զարգացման հարցերը
Հանրապետության առաջատար բժշկական կազմակերպությունների ղեկավարների և մասնագետների մասնակցությամբ առողջապահության նախարարությունում` Արսեն Թորոսյանի գլխավորությամբ կայացել է քննարկում՝ Հայաստանի Հանրապետությունում մարդուն օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստման ծառայության զարգացման, բարելավման և խնդիրների լուծման վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստման ծառայության ոլորտում համաշխարհային վիճակագրական տվյալները վկայում են, որ աշխարհում տարեկան իրականացվում է օրգանների շուրջ 120 հազար փոխպատվաստում, որից 70 հազարը` երիկամի (41% կենդանի դոնորներից), 26 հազարը` լյարդի (20% կենդանի դոնորներից), 6500-ը` սրտի, 4700-ը` թոքերի և 2300-ը` ենթաստամոքսային գեղձի:
Առողջապահության նախարարը նշել է, որ փոխպատվաստման ծավալները տարեց տարի ավելանում են, ինչպես նաև ձեռնարկվում են քայլեր տարբեր օրգանների փոխպատվաստումներ կատարելու ուղղությամբ:
Քննարկման ժամանակ արձանագրվել է, որ օրգանների փոխպատվաստման իրականացման համար անհրաժեշտ իրավական կարգավորումները հիմնականում առկա են և անհրաժեշտ է միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա դիտարկել ռեեստրի ստեղծման և դիակային դոնորներից փոխպատվաստման ծառայության ներդրման հնարավորությունները:
Կարևորելով «կյանքեր փրկող» այս ծառայության զարգացումը, անհրաժեշտ է բարձրացնել օրգանների փոխպատվաստման հնարավորության մասին հանրային իրազեկումը:
Միաժամանակ, ոլորտի զարգացմանը կնպաստի նաև Արսեն Թորոսյանի Բելառուսի Հանրապետություն կատարած այցի ժամանակ առողջապահության ոլորտում հայ-բելառուսական համագործակցության համաձայնագրի շրջանակներում ստորագրված հուշագիրը` «Արաբկիր» բժշկական համալիրի և Մինսկի վիրաբուժության, փոխպատվաստման և հեմատոլոգիայի գիտագործնական կենտրոնի միջև: Հուշագրի շրջանակներում մասնավորապես կողմերը նպաստելու են բժշկական նոր տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստման, ինտենսիվ թերապիայի, անեսթեզիոլոգիայի և այլ ուղղություններով մասնագիտական գիտելիքների և փորձի փոխանակմանը:
Հանդիպման ավարտին Արսեն Թորոսյանը հստակ հանձնարարականներ է տվել այս ոլորտում հետագա գործողությունները կազմակերպելու համար: