Բաժիններ՝

Կապիտալ ծախսերի ծավալը Հայաստանում նվազել է. Տիգրան Ավինյան

Կապիտալ ծախսերի ծավալը Հայաստանում նվազել է: ՀՀ կառավարությունը պետական բյուջեի բոլոր կապիտալ ծախսային ծրագրերի համար ներկայում գույքագրում է կատարում` հասկանալու համար խնդիրները: Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:

Թանդիլյանը նկատեց, որ 2018-ի պետական բյուջեի կապիտալ ծախսերը 2017-ի նկատմամբ մոտ 85 մլրդ դրամով նվազել են, նաև 2018-ի բյուջեի կատարողականը նախատեսվածից թերակատարվել է 21 մլրդ դրամով:«Ակնհայտորեն կապիտալ ծախսերը տնտեսական ակտիվության պայմաններից են: Եվ այս միտումը նկատելի է  նաև այս տարվա հունվարի համար»,-ասաց նա ու հետաքրքրվեց, թե որոնք են  պատճառները։

Ավինյանը նշեց` իսկապես ընդհանուր առմամբ կապիտալ ծախսերի ծավալը նվազել է:

«Դա պայմանավորված է տարիներ շարունակ տարբեր ծրագրերի հետ կապված խնդիրների հետ: Եթե խոսում ենք միայն բյուջեում նախատեսված ծրագրերի մասին, ապա դրանք ընդհանուր կապիտալ ծախսային մասում ընդամենը մի հատվածն են: Դրանց գումարվում են նաև վարկային ծրագրերը, որոնք նախատեսված չեն: Եվ այդ ծրագրերի` օրինակ` Հյուսիս-Հարավի Տրանշ 2-ի և 3-ի մասով կան բնական պատճառներ, որոնք բերել են գործընթացների դանդաղեցման: Այնուամենայնիվ, բոլոր կապիտալ ծախսային ծրագրերի մասով այս պահի դրությամբ կատարվում է գույքագրում: Դրանց արդյունքներում մենք փորձում ենք հասկանալ, թե որտեղ ինչ խնդիրներ ունենանք, որ ծրագրերը պետք է շարունակել, որ ծրագրերը դադարեցնել և վերաբաշխել այլ ծրագրերի համար»,-ասաց փոխվարչապետը:

 Նա նշեց` գույքագրման գործընթացը տեղի է ունենալու ևս մեկ-երկու ամիս: Ավինյանը սա շատ կարևոր գործընթաց համարեց, որի արդյունքում  հասկանում են այդ ծախսերի արդյունավետության աստիճանը:

«Մենք ձգտում ենք, որ կապիտալ ծախսային ծրագրերն ավելանան: Որտեղ հնարավոր է թափ տա, մենք դա իրականացնում ենք: Այնուամենայնիվ կարևորում ենք կատարվող ծախսերի արդյունավետությունը, և ծախսերի վերջնարդյունքն ու որակը»,-եզրափակեց փոխվարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս