Գևորգ Գորգիսյանը վստահեցնում է՝ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում որևէ խնդիր չկա
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության անդամ Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվությունը, թե այդ հարաբերություններն այդքան էլ հարթ չեն, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին պատգամավորը նշեց 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով մեր այն հրապարակմանը, որ վտանգված է Հայաստան-Հյուսիսատլանտյան դաշինք (ՆԱՏՕ) հետագա համագործակցությունը, մասնավորապես՝ հնարավոր է, որ Հայաստանը դուրս մնա «Անհատական գործընկերության գործունեության» (IPAP-Individual partnership action plan) ծրագրից։
«Նման բան չկա, այդ ամենը բամբասանք է»,- ասաց պատգամավորը։
Հարցին՝ այդ դեպքում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների և հետագա համագործակցության վերաբերյալ ի՞նչ խնդիրներ են առաջ քաշելու Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայի հետ հանդիպման ժամանակ, որը, 168.am-ի տեղեկություններով, Հայաստան կժամանի մի քանի օրից, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց.
«Տարբեր օրակարգերով նախատեսված հանդիպումներ ունենք, ընթացքում ամեն ինչ կերևա։ Կոնկրետ այս պահին չեմ կարող ասել, թե ինչ հարցեր ենք առաջ քաշելու»:
Հաջորդ հարցին՝ հույս կա՞, որ Հայաստանը դուրս չի մնա «Անհատական գործընկերության գործունեության» ծրագրից, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Հայաստանը հենց այս պահին ունի պլանավորված այցեր ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում, շուտով Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթ կլինի, այսինքն՝ այս պահին որևէ խնդիր չեմ տեսնում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություներում»։
Զվարթ Խաչատրյանը