Հայաստանը դադարեցնո՞ւմ է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. ինչո՞ւ է գալիս Ապաթուրայը

Թեպետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը յուրաքանչյուր առիթով փորձում է հասարակությանը հավաստիացնել, որ փայլուն են արտաքին աշխարհի հետ Հայաստանի հարաբերությունները, այդուհանդերձ, կարծես թե ամեն ինչ այնքան էլ այդպես չէ։

168.am-ի տեղեկություններով՝ մասնավորապես վտանգված է Հայաստան-Հյուսիսատլանտյան դաշինք (ՆԱՏՕ) հետագա համագործակցությունը, որովհետև հեղափոխական նոր իշխանությունների ջանքերով, որքան էլ որ նրանք հակառակը պնդեն, հարթ չեն ընթանում հայ-ռուսական հարաբերությունները, և դրա հետևանքով, ըստ էության, ավելորդ զգուշավորություն ցուցաբերելով՝ չեն կարողանում պատշաճ կերպով կառուցել ու շարունակել եվրոպական և ատլանտյան կառույցների հետ հարաբերությունները։

Փաստորեն, Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի կիրարկման և վավերացման տեղում դոփելը խնդրի ընդամենը մեկ մասն է։ Ինչպես փաստում են 168.am-ի աղբյուրները, առավել լուրջ են խնդիրները ՆԱՏՕ-ի հետ։

Խնդիրն այն է, որ Հայաստանն առաջին անգամ 2005թ. ստորագրել և 2006 թվականից սկսել է կյանքի կոչել «Անհատական գործընկերության գործունեության» (IPAP-Individual partnership action plan) ծրագիրը։

Այս տարի լրանում է նման գործողությունների 5-րդ ծրագրի՝ 5-րդ IPAP-ի ժամկետը, որն ուժի մեջ է մտել 2017թ. և փաստորեն ավարտվում է 2019թ.-ին։ Նախորդ իշխանությունների օրոք գործընթաց էր սկսված՝ գործողությունների 6-րդ ծրագրի աշխատանքների նախապատրաստության ուղղությամբ, սակայն 168.am-ին հայտնի դարձավ, որ համաձայնագիրը և այդ IPAP ծրագրի մեջ Հայաստանի ներգրավումը  հարցականի տակ են դրվել Հայաստանի Կառավարության կողմից։

Անհասկանալի է, թե որ գերատեսչության պատճառով է արգելակվում «Անհատական գործընկերության գործունեության» (IPAP) ծրագրի 6-րդ IPAP-ը։ Ակնհայտ է, որ դա չի կարող Պաշտպանության նախարարությունը լինել, որովհետև նախարար Դավիթ Տոնոյանը ժամանակին Բրյուսելում աշխատել է՝ որպես ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցիչ, և դժվար թե նման խնդիրներ առաջացներ։ Ըստ ամենայնի՝ գործընթացն արգելակվում է կամ Կառավարության աշխատակազմի, կամ Արտաքին գործերի նախարարության մակարդակով, որոնք Ռուսաստանի հետ հարաբերությունների անորոշության պատճառով՝ հատկապես հաշվի առնելով ՀԱՊԿ-ի հետ կապված զարգացումները, այն հանգամանքը, որ դեռ այնուամենայնիվ վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պաշտոնական հանդիպում չի ունեցել, այնքան են զգուշավոր գործում, որ ռուսների դժգոհությունը չհարուցելու համար խուսափում են IPAP-ի 6-րդ ծրագիրը նախապատրաստելուց։

Ըստ երևույթին հենց սա է պատճառը, որ 168.am-ի աղբյուրների հավաստմամբ՝ մեկ շաբաթ անց սպասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայի այցը Հայաստան, ով Կառավարության ներկայացուցիչների, պաշտոնատար անձանց հետ բանակցությունների միջոցով փորձելու է հասկանալ Հայաստան-ՆԱՏՕ հետագա համագործակցության հեռանկարները։

Տեսանյութեր

Լրահոս