Բաժիններ՝

Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հետ առևտրաշրջանառության զարգացումը

Հայաստանը ԵԱՏՄ-ն զարգացնելու և ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ կարևորում է անդամ երկրներ կողմից աշխատանքների իրականացումը: Հայաստանի համար կարևոր է նաև անդամ բոլոր երկրների հետ առևտրաշրջանառության զարգացումը։ Ն. Փաշինյանն այս մասին խոսել է Բրյուսելում ռուսական ՏԱՍՍ-ին տված իր հարցազրույցում:

«ԵԱՏՄ-ն ու ԱՊՀ-ն ապացուցել են իրենց կարևորությունը, դրանք շատ կարևոր են Հայաստանի համար: Բայց անհրաժեշտ է աշխատենք, որ դրանք դառնան ավելի արդյունավետ: Եթե կազմակերպությունն ապացուցել է իր կարևորությունը, դա դեռ չի նշանակում, որ այն այլևս պետք չէ զարգացնել: Հակառակը՝ այդ զարգացումը շատ կարևոր է, որ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցությունը լինի ավելի արդյունավետ և հեռանկարային»,-նշել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ ԵԱՏՄ-ի շրջանակում Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը Ռուսաստանն է: Նա կարևորել է այդ հարաբերությունների հետագա զարգացումը:

«Բայց մեզ համար շատ կարևոր է, որ փոխադարձ առևտրաշրջանառությունը լավ մակարդակի վրա լինի նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկիրների հետ: Դա կնշանակի միության կարևոր և բնական զարգացում: Մենք ամեն ինչ կանենք, որ դա տեղի ունենա»,-վստահեցրել է վարչապետը:

Փաշինյանը խոսել է նաև ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ստորագրված պարզեցված առևտրի համաձայնագրի մասին: Նա նշել է՝ ներկայում անդամ երկրների խորհրդարաններում դրա վավերացման փուլն է:

Փաշինյանը հույս է հայտնել, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարում համաձայնագիրն ուժի մեջ կմտնի:

Վերջերս պաշտոնական այցով Իրանում եղած վարչապետը նշել է, որ այնտեղ ևս անհամբերությամբ սպասում են, թե պայմանագիրը երբ պետք է ուժի մեջ մտնի, քանի որ այն իրականում նոր հնարավորությունն է բացում տնտեսական համագործակցության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս