Բաժիններ՝

ՊՍԺ-«Մանչեսթեր Յունայթեդ». ունե՞ն հնարավորություն «կարմիր սատանաները»

«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ պարտվեց  ՊՍԺ-ին, սակայն անգլիացիները, անշուշտ, կպայքարեն մրցակցի հետ պատասխան խաղում: Ունե՞ն հնարավորություն «կարմիր սատանաները»: Բոլոր հարցերի պատասխանները՝ այսօր կեսգիշերին:

ՊՍԺ

ՊՍԺ-ն հայտնվել էր շատ բարդ խմբում, որտեղ փլեյ-օֆֆի ուղեգրի համար պայքարում էին նաև «Լիվերպուլն» ու «Նապոլին»: Արդյունքում՝ Թոմաս Տուխելի թիմն անգլիացիների հետ դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ հանդիպում է մեկ այլ անգլիական գրանդի:

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ ՊՍԺ-ն խաղում է այն ժամանակ, երբ անգլիացիները վերելք են ապրում: Սուլշերը փոխել է թիմը, և սա արդեն այն «Մանչեսթեր Յունայթեդն» է, որը կարող է պայքարել մինչև վերջին րոպեն:

Կարդացեք նաև

Թոմաս Տուխելի թիմը մրցակցին հաղթել է 2:0 հաշվով, այն էլ՝ հյուրընկալվելիս: Սա ֆրանսիացիներին տալիս է հաջորդ փուլ անցնելու մեծ հնարավորություն:

Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ն անկասելի է: Թիմն առաջին հորիզոնականում է և առաջիկա մրցակցին գերազանցում է 17 միավորով:

Սակայն պետք է նշել, որ ՊՍԺ-ի կորուստները խաղից առաջ լուրջ են: Թիմում վնասվածքներ ունեն Էդիսոն Կավանին և Նեյմարը:

«Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ հաղթել խմբում՝ առջևում թողնելով «Յուվենթուսին» և իր ակտիվում ունենալով  ութ միավոր:

Այնուամենայնիվ, Ժոզե Մոուրինիոյի «Մանչեսթեր Յունայթեդի»  համար նույնիսկ նման արդյունքը կարող է համարվել մեծ հաջողություն, քանի որ թիմն այդ ժամանակ որակյալ ֆուտբոլ չէր ցուցադրում:

Հիմա պատմությունն այլ է: Մոուրինիոյի հեռանալուց հետո թիմի ղեկը ստանձնեց Օլե-Գունար Սուլշերը: Սուլշերը փոխեց թիմը, թիմի հոգեբանությունն ու դաշտ դուրս բերեց մի «Մանչեսթեր Յունայթեդի», որի մասին մրցակցիները սկսում էին մոռանալ: Անգամ ամենալավատես երկրպագուները չէին կարող պատկերացնել, որ հնարավոր է ընդամենը մի քանի շաբաթում նման կերպ փոխել թիմը:

Չեմպիոնների լիգայում խնդիրը մի փոքր բարդ է: Սեփական հարկի տակ 2:0 հաշվով պարտվելը շատ բարդացնում է ¼ եզրափակիչ անցնելու հնարավորությունները, սակայն Սուլշերը վստահ է, որ իրենք կարող են անել անհնարինը:

«Յուրաքանչյուրը սպասում է, որ մենք դուրս կմնանք առանց դիմադրելու, բայց դա չի աշխատի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Մեր հպարտությունը վերջին անգամ վնասվել է, այդ իսկ պատճառով խաղադաշտում կլինեն տղաներ, ովքեր պատրաստ են ներդնել իրենց ուժերը 100 տոկոսով»,- ասել է Սուլշերը:

«Մանչեսթեր Յունայթեդում» ևս  կան վնասվածք ունեցող մի քանի առաջատար ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Անդեր Էրերան, Նեմանյա  Մատիչը, Խուան Մատան, Ջեսի Լինգարդը և Անտոնիո Վալենսիան:

Տնային խաղում անգլիական ակումբը ոչինչ չկարողացավ անել: Սուլշերի թիմը շատ զգույշ էր գործում, ինչի արդյունքում բաց թողեց 2 գոլ: Այժմ «կարմիր սատանաները» զգուշավորության հնարավորություն չունի, սեփական  դաշտում երկու բաց թողած գոլերը պարտադրում են հյուրերին ցույց տալ իրենց հարձակման ողջ ներուժը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս