«Հայաստանում այլևս չկա «Սորոս»». Նարեկ Մալյան
Երևանի պետական համալսարանի դիմաց բողոքի ակցիա իրականացվեց՝ ընդդեմ «Բաց հասարակության հիմնադրամի»։
Ակցիայի կազմակերպիչ Նարեկ Մալյանը հայտարարեց, որ ««Սորոսի» հայկական հիմնադրամի հիշատակի արարողությունն է»։
Նրանք նույնիսկ ծաղկեպսակ էին բերել, որ վրա գրված էր՝ «Լարիսա Մինասյանին՝ Մայր բուհից»:
«Գիշերը 12-ն անց «Սորոսի» հայկական հիմնադրամը վաղաժամ հեռացավ մեզանից։ «Սորոսի» հայկական հիմնադրամը, որին որպես կերպար՝ արտացոլում է տիկին Լարիսա Մինասյանը, անժամանակ լքեց մեզ։ «Սորոսի» հիմնադրամը սպառեց Հայաստանում բոլոր բարոյական և հիմնականում անբարոյական մեթոդները՝ իր գործունեության ընթացքում։
Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել Ջորջ Սորոսի քաղաքացիական մահը։ Հայաստանում այլևս չկա «Սորոս» և «Սորոսի» վաստակներ: Երկու բառ նաև հանգուցյալի մասին: Արդյո՞ք նա բարոյական մարդ էր. ո՛չ: Նա բարոյական մարդ չէր, նա տարբեր չափի դրամաշնորհներով կաշառում էր մեր հասարակության ամենատականք հատվածին, մարդկանց, ովքեր փողի համար պատրաստ են վաճառել ամեն ինչ, մազերը կապույտ ներկելով գնալ և ինչ-որ տեղեկատվական ալիքներ ստեղծել»,- նշեց նա։
Ակցիային ներկա էր նաև Մենուա Հարությունյանը, ում լրագրողները հարցրին, թե ինչքա՞ն է շարունակվելու երկու կողմերի միջև «պատերազմը»:
Նա պատասխանեց, թե կողմերը «պատերազմ» չեն հայտարարել, իշխանությունն էր նրանց բաժանել սևերի ու սպիտակների:
«Ցավալի է, որ նման դեպք է տեղի ունեցել: Փաստացի՝ մարդու տան վրա են գնացել, ինչը շատ անընդունելի արարք է: Ժամանակն է, որ հասկանանք՝ Արևմուտքից ֆինանսավորվող կազմակերպությունները Հայաստանում չպետք է տեղ ունենան, ապագայում այդ սորոսները փակվելու են, և բոլոր նրանք, ովքեր այդ հիմնադրամներից փողեր են ստացել, խառնվել հասարակական-քաղաքական կյանքին, ենթարկվելու են քննության՝ պարզելու, թե նրանք ի՞նչ նպատակ են ունեցել: Նրանց նպատակը հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրելն է»,- նշեց Մենուա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերին հարձակում է տեղի ունեցել հրապարակախոս, ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի վրա:
Նրա փոխանցմամբ՝ մոտ 10 հոգի փորձել են իրեն քաշքշել: Խումբը գլխավորել է «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, ով ավելի ուշ Ֆեյսբուքի իր եթերում խոստովանել է, որ Նարեկ Մալյանի վրա հարձակվողներն իրենք են եղել:
Անի Կարապետյան