Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ
Երևան քաղաքի Ամիրյան փողոցում մարտի 4-ին, կեսգիշերն անց «Ռեստարտ» նախաձեռնության անդամների և հասարակական գործիչ Նարեկ Մալյանի միջև տեղի է ունեցել միջադեպ: Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր վրա հարձակվել էին «Ռեստարտ» նախաձեռնության մի խումբ անդամներ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու: Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել: Նախապատրաստվում են նյութեր:
«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Սիմոնյանը դեպքի առնչությամբ գրել է, որ մանրամասները կհրապարակվեն տեսահոլովակով: