Բաժիններ՝

«Տպավորություն թող չլինի, որ մենք առանձին խոսակցություն ենք ունեցել, և մեր հարցը լուծվեց՝ նման բան չկա». Արման Նավասարդյանը՝ Նազենի Ղարիբյանի հետ հանդիպման մասին

ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի շուրջ առաջացած աղմուկին, հավաստիացրեց, որ փաստաթղթում, որը Մշակույթի նախարարությունն ուղարկել է Կառավարություն, որևէ խոսք չկա Համազգային թատրոնը փակելու մասին, խոսքը միայն վարչարարությունն ավելի օպտիմալ դարձնելու մասին է։ Նա նաև տեղեկացրեց, որ հանդիպում է ունեցել թատրոնի անձնակազմի հետ, որի ընթացքում բավականին կառուցողական քննարկում է եղել։

168.am-ը Համազգային թատրոնի տնօրեն, դերասան Արման Նավասարդյանից հետաքրքրվեց, թե Նազենի Ղարիբյանի հետ կառուցողական քննարկումից հետո արդյո՞ք եկել են որևէ եզրակացության։

«Ես կասեի, որ այդ հանդիպմանն ավելի շատ քննարկել ենք տվյալ հարցի վերաբերյալ մեկնաբանությունները։ Այսինքն՝ այն, ինչ մենք չենք կարողացել հասկանալ, կամ սխալ տպավորություն է եղել հարցազրույցներից։ Մենք փորձել ենք իրականում դա հասկանալ։ Քննարկել ենք Համազգայինի կենսագործունեությունը, ապագան, անելիքները և ներկան։ Որոշակի որևէ հարց չի եղել, այսինքն՝ այն տեսակ տպավորություն թող չլինի, որ մենք առանձին խոսակցություն ենք ունեցել, և մեր հարցը լուծվեց, նման բան չկա»,- ասաց Համազգային թատրոնի տնօրենը։

Նշենք, որ Մշակույթի փոխնախարարը նույն հանդիպմանը հայտարարեց, որ կրկին Համազգային թատրոնի անձնակազմի հետ պետք է հանդիպի և վիսկի խմեն։

Կարդացեք նաև

Անդրադառնալով սպասվող երկրորդ հանդիպմանը՝ Արման Նավասարդյանը տեղեկացրեց, որ հանդիպմանը քննարկել են փոխնախարարի այն խոսքը, ըստ որի՝ Համազգային թատրոնի կանոնադրության մեջ կետ կա, որտեղ հստակ նշված է, որ թատրոնը պետք է զբաղվի երիտասարդական-փորձարարական հարթակներ տրամադրելով։

«Երեկվա մեր հանդիպման ժամանակ ապացուցեցի, որ մեր թատրոնի կանոնադրության մեջ նման կետ գոյություն չունի, նրան ցույց եմ տվել նաև մեր կանոնադրությունը։ Այսօր առավոտյան Նազենի Ղարիբյանը զանգահարեց և ասաց, որ մենք ճիշտ ենք՝ կանոնադրության մեջ նման բան չկա։ Նա խոստացավ, որ երկուշաբթի օրը կհերքի այդ խոսքը և կասի, որ դա թյուրիմացության արդյունք է եղել»,- նշեց Արման Նավասարդյանը։

Հարցին՝ հանդիպման ընթացքում վիսկի խմեցի՞ն, Ա. Նավասարդյանը ծիծաղեց՝ ասելով.

«Ես չեմ խմում, ես սուրճ եմ խմել, Նազենի Ղարիբյանը խմել է»։

Թատրոնի տնօրինության հետ հանդիպման ընթացքում Նազենի Ղարիբյանը հայտարարել է, որ փաստաթղթի հետ կապված՝ Կառավարությունը վերջնական որոշում չի կայացնելու, այդուհանդերձ, եթե այդ փաստաթղթին հավանություն տա, ապա նախարարությունը կհրավիրի այն ՊՈԱԿ-ների ղեկավարներին, որոնց վերամիավորմանը տրվել է դրական պատասխան, կունենան քննարկումներ և կհստակեցնեն ապագա անելիքները։

Ինչ վերաբերում է երկուշաբթի օրվա հանդիպմանը, որը նախատեսված է մշակույթի փոխնախարարի և ՊՈԱԿ-ի ղեկավարների միջև, ապա Արման Նավասարդյանն ընդգծեց, որ նման հանդիպումներ պետք է պարբերաբար լինեն։

«Օրինակ՝ Նազենի Ղարիբյանը չգիտեր, որ մեր շենքը կառուցման փուլում է, նա կարծում էր, որ շենքի խնդիր ունենք, տեղյակ չէր։ Ես հենց դրա մասին էի ասում, որ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում։ Այսօրինակ հանդիպումները պետք են, և պետք չէ գրասենյակներում նստած որոշումներ կայացնել։ Շատ ուրախացա, որ նա եկավ թատրոն, բայց չէի ցանկանա, որ այդպես գար, բանը հասներ ոսկորին՝ նոր գար»,- եզրափակեց Արման Նավասարդյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Նազենի Ղարիբյանն ընդունել էր Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի ղեկավարության հրավերը և գնացել էր դիտելու «Հաղթանակի գենեզիս» վավերագրական ներկայացումը։ Ներկայացումից հետո փոխնախարարը ստեղծագործական խմբի և թատրոնի ղեկավարության հետ զրուցել էր ներկայացման մասին, անդրադարձել էր նաև այն փաստաթղթին, որի շուրջ մեծ աղմուկ է բարձրացել։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս