Ինչ խնդիրների հետ է կապված Իրանից գազի տարանցումը եվ էներգետիկ միջանցքի ստեղծումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` տարածաշրջանային էներգետիկ միջանցք ստեղծելու և Հայաստանը տարանցիկ երկրի վերածելու մասին դիտարկումները կրկին ակտիվացրել են խոսակցությունները ՀՀ էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին:

Ավելին՝ ՀՀ իշխանությունները բավականին աշխատանքային են տրամադրված այս նախագծերի կյանքի կոչման հարցում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր: «Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարևոր նշանակություն ունի թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային առումով, թե՛ ավելի ընդարձակ առումով: Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքն առկա է, պետք է հույս հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը կիրականացվի հաջողությամբ»,- ասել էր Փաշինյանը:

Սպահանում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն իր հերթին նշել էր, որ իրանական կողմից լսել են առաջարկ՝ էլեկտրաէներգիայի ու գազի տարանցման համագործակցություն ծավալելու Վրաստանի և Ռուսաստանի հետ: Կա պայմանավորվածություն՝ ապրիլին քառակողմ հանդիպում կազմակերպելու Թեհրանում:

Տարածաշրջանային և գլոբալ նախագծերը, որոնցից Հայաստանը կարող է մեծ օգուտներ ստանալ ոչ միայն՝ քաղաքական, տնտեսական, այլև՝ անվտանգային բնույթի, ինչպես չափազանց ոգևորիչ են, այնպես էլ՝ բազում հարցեր են առաջ բերում:

«168 Ժամի» հետ զրույցում ռուս տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում նման էներգետիկ միջանցք ստեղծելու թեման անընդհատ բարձրանում է այս երկրների ակտիվ քաղաքական օրակարգ, հեռանում, և այսպես շարունակ: Այսինքն, ըստ Սիմոնովի, սրանք նոր գաղափարներ չեն, ավելին, շատ են քննարկվել:

Նրա խոսքով, բնականաբար, հնարավորությունը, որ կարելի է նման համագործակցություն ծավալել, գազ տարանցել, ավելի էժան էներգակիրների հնարավորություններ ստեղծել, տարածաշրջանային կապերը խորացնել՝ գրավիչ են, բայց որքան այդ հեռանկարները գրավիչ են, այդքան էլ խնդիրներ են ուրվագծվում:

«Վերջին տարիներին, հատկապես Միջուկային գործարքից հետո, Իրանը տարբեր առաջարկներով է հանդես եկել գազ տարանցելու հարցի վերաբերյալ: Դեպի ԵՄ գազ տարանցելու համար երկու ուղի էր դիտարկվում` Ադրբեջանով, ինչպես նաև՝ Հայաստանով, Իրանով՝ դեպի ԵՄ, թե ինչպես էր սա իրագործվելու, ինձ համար մի փոքր դժվար է պատկերացնել, քանի որ խոսքը մեծ ներդրումների մասին է, իրանական գազը Եվրոպա, մասնավորապես՝ Բուլղարիա տարանցելու դեպքում, երբ Վրաստանից հարկավոր է գազամուղ դեպի Բուլղարիա ծովո՞վ…

Այնուամենայնիվ, երբ ասվում է տարանցիկ այս ուղու մասին, այլ տարբերակ չի մնում, քան սրա դիտարկումը, որը խիստ բարդ իրագործելի նախագիծ է՝ հաշվի առնելով ծախսատարությունը, հաշվի առնելով խնդիրը, թե որքանով կարող է Իրանը բավարարել այս երկրների և ԵՄ-ի պահանջը, երբ Իրանի հնարավորություններն այդքան մեծ չեն, ու առկա ենթակառուցվածքները նման ծավալուն թողունակություն թույլ չեն տալիս, իմ ենթադրություններով: Այստեղ հարկ է հասկանալ նաև՝ Իրանը որքա՞ն է պատրաստ տարանցել և ի՞նչ գնով: Եթե չեմ սխալվում՝ նախկինում ՀՀ իշխանությունները պնդում էին, որ Իրանից շահավետ առաջարկ և ավելի լավ գնային առաջարկ չեն ստացել, քան «Գազպրոմն» է վաճառում: Կամ՝ ինչպիսի՞ն են Հայաստանի տարանցիկ հնարավորությունները:

Վրաստանն ի՞նչ դիրքորոշում ունի այսօր՝ հաշվի առնելով Վրաստանում SOCAR-ի ամուր դիրքերը և այն փաստը, որ նախկինում այդ ադրբեջանական ընկերությանը հաջողվել է Վրաստանին համոզել մի կողմ դնել նման այլ պրոյեկտներ: Ո՞վ է պատրաստ նման գումարներ ներդնել նման ենթակառուցվածքներ ստեղծելու համար: Ռուսաստանին գուցե ինչ-որ պահի ձեռնտու լինի համաձայնության գալ Իրանի և Հայաստանի հետ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ գազամուղը վաճառվել է «Գազպրոմին», և «Գազպրոմը» կարող է բանակցել իրեն շահավետ պայմաններով:

Ուստի այն ձևաչափը, որի մասին խոսք է գնում, ճիշտ է ընտրված այս հարցի քննարկումները ծավալելու համար, սակայն, կարծում եմ` ինչպես 3, 10 կամ 15 տարի առաջ, այնպես էլ՝ այսօր, սա իրատեսական չէ: Եթե նույնիսկ լինեն այդպիսի գումարներ, ապա նման ծրագրերը կյանքի կոչելու համար հարկավոր են տասնյակ տարիներ, բայց այստեղ կան ոչ միայն աշխարհագրական, այլև բազմակողմ քաղաքական խնդիրներ. նկատի ունեմ Վրաստան-Ռուսաստան, Հայաստան-Ադրբեջան, Իրան-Արևմուտք պատժամիջոցների առկայությունը»,- ասաց Սիմոնովը:

Նա նշեց, որ ռուսական կողմը, որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր, ինչպես նաև՝ Իրան-Հայաստան գազամուղի տիրապետող, չի մերժի այս հարցի քննարկումները, ավելին, տրամադրված կլինի բանակցելու՝ հաշվի առնելով իրեն հարմարավետ պայմաններով այն գործարկելու հնարավորությունը: «Բայց կրկին ասեմ, որ խնդիրները և պահանջվող ներդրումները խիստ մեծ են: Ո՞վ է անելու այդ ներդրումները»,- ասաց նա:

Վրացի փորձագետ Սոսո Ցինցաձեն ասաց, որ Վրաստանը մշտապես և այսօր էլ հետաքրքրություն է ցուցաբերել այս նախագծի նկատմամբ, սակայն այս ամենի հաջողությունը կախված է նրանից, թե ինչ մասշտաբ հնարավոր կլինի «ծածկել» այդ համագործակցությամբ, ինչ գնով, քանի որ, կապված տնտեսական խնդիրների հետ, Վրաստանում գազի գինը թանկացել է՝ պայմանավորված ԱՄՆ դոլարի համեմատ ազգային արժույթի՝ լարիի փոխարժեքի փոփոխությամբ և գազի բաշխման տարիֆով:

Բայց, նրա կարծիքով, հաշվի առնելով Սոքարի հետ համագործակցության ծավալները, Վրաստանն այդ հարցը պետք է քննարկի նաև ադրբեջանական ընկերության հետ և հաշվի առնի նրանց դիրքորոշումը: «Ուստի այստեղ համագործակցության դաշտ և անհրաժեշտություն կա: Բայց այստեղ մեծ է Իրանի դերակատարությունը, թե ինչպիսի գործարքների է պատրաստ, քանի որ մրցակցություն կա այս ոլորտում:

Իսկ քաղաքական համագործակցությունը թույլ է տալիս նման ծրագրերի մեկնարկը տալ, ի վերջո, սրանք կողմերին բազում հնարավորություններ կտան»,- ասաց Ցինցաձեն: Նա դժվարացավ նշել, թե ինչ ենթակառուցվածքներով է հնարավոր այս ծրագիրը, և որն է լինելու ուղին:

«Եթե չեմ սխալվում, տարբեր ուղիներ են քննարկվել, տարբեր համաձայնագրեր են եղել: Ես չեմ կարող ասել, թե ներկայումս ինչ են քննարկում կուլիսներում, քանի որ հարցի մանրամասները դեռ հայտնի չեն: Չգիտեմ` որքանով է սա քննարկված Վրաստանի և Ռուսաստանի հետ, բայց միևնույն ժամանակ՝ եթե կա քառակողմ հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն, ուրեմն քննարկումներ ընթացել են: Հուսանք, որ օպտիմալ լուծումներ կգտնվեն»,- ասաց նա:

Վրացի քաղաքագետի խոսքով, ռուս-վրացական քաղաքական խնդիրներն այն նախագծի դեպքում, որն ինքն է պատկերացնում, էական նշանակություն չեն ունենա, քանի որ Ռուսաստանն ըստ էության պետք է բանակցի Հայաստանի և Իրանի հետ: «Սակայն Ռուսաստանի դերն այս օղակում էական է, եթե Ռուսաստանը շահագրգռվածություն չունենա, կարող է տապալել այս ծրագրերը: Ուստի Հայաստանը լուրջ բանակցություններ պետք է վարի իր գործընկերոջ հետ, բայց որքանով է Ռուսաստանին ձեռնտու լինելու մեծացնել Իրանի դերը, հատկապես, երբ այս ոլորտում (թեև իրենք՝ ռուսները, դա չեն ընդունում) Իրանն ու Ռուսաստանը մրցակիցներ կարող են լինել»,- ասաց Ցինցաձեն:

Տեսանյութեր

Լրահոս