
«Մենք չենք ուզում սպանել Կեպային». Սարրի

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարրին խոսել է այն մասին, թե ինչպես է որոշվել դարպասապահ Կեպա Արիսաբալագայի հարցը, որը հրաժարվել էր փոխարինվել Լիգայի գավաթի եզրափակիչ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (0:0, 3:4):
«Ես անձամբ եմ խոսել Կեպայի հետ, հետո մենք ընդհանուր քննարկում ենք ունեցել:
Նա ներողություն է խնդրել թիմի տեխնիկական անձնակազմից և իր խաղընկերներից:
Նա մեծ սխալ է արել, բայց մենք չենք ուզում սպանել նրան»,- ասել է մարզիչը:
Սարրին հստակ չի նշել, թե արդյո՞ք հաջորդ խաղում թիմի դարպասը կպաշտպանի Կեպան: Նա նշել է, որ պետք է մտածել, հետո միայն որոշում կայացնել:
Կեպա Արիսաբալագան ևս մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ Լիգայի գավաթի եզրափակչում իր պահվածքը:
«Ես երբեք նպատակ չեմ ունեցել անտեսել մարզչի խոսքը, չլսել որոշումները: Կարծում եմ, տեղի ունեցավ անհամաձայնություն՝ կապված խաղի թեժ վերջաբանի հետ:
Մարզիչը կարծում էր, որ ես չեմ կարող շարունակել խաղը, իսկ ես ցույց էի տալիս, որ կարող եմ օգնել թիմին: Դա տեղի ունեցավ ավելի շուտ, քան բժիշկը կհասներ պահեստայինների նստարանին և կփոխանցեր մարզչին իմ խոսքերը:
Այն պատկերը, որ արդյունքում ստացվեց, չէր մտնում իմ նպատակների մեջ: Ես հարգում եմ Սարրիին»,- նշել է Կեպան:
Սիրարփի Աղաբաբյան