Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը Մշակույթի նախարարությունից գումար չի ստացել
«Մինաս Ավետիսյան» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարին, որը ոչնչացման եզրին է, և որը վերականգնելու համար անհրաժեշտ է պետական և մասնավոր կառույցների աջակցությունը, նշել էր, որ ՀՀ մշակույթի նախարարությունը կարող է «12 մլն դրամ փոխանցել, որպեսզի փոխեն Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի պատուհանները, այդ դեպքում արդյո՞ք չի կարող աջակցել «Գիշեր» որմնանկարը վերականգնելու համար»։
Հոդվածի հրապարակումից հետո Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հերքել էր, որ նախարարությունը թատրոնին 12 մլն դրամ է փոխանցել:
«Արման Ավետիսյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Գյումրու դրամատիկական թատրոնը ՀՀ մշակույթի նախարարությունից պատուհանները փոխելու համար գումար չի ստացել»,- նշված էր հայտարարության մեջ:
168.am-ի հետ զրույցում Արման Ավետիսյանն անդրադառնալով իր հայտարարությանը՝ նշեց. «Ամիսներ առաջ թատրոնի նորանշանակ տնօրենի հետ հենց թատրոնում քննարկում էինք, թե Հակոբյանի «Սարերում» որմնանկարը թատրոնից հանելու ինչ տարբերակներ կան։ Տնօրենն ասաց՝ թատրոնի պատուհաններից փչում է, ցուրտ է՝ նշելով, որ Մշակույթի նախարարությանը դիմում է գրել, որպեսզի իրենց գումար հատկացնեն՝ 12 մլն դրամ, և նախարարությունը համաձայնել է։
Ես նույնիսկ այդ ժամանակ ասացի, որ, եթե ցանկանում են՝ նկարը դուրս գա այդ շենքից, եթե այդքան գումար են ծախսելու, մտածե՞լ են՝ ինչպե՞ս են դուրս բերելու նկարն այդ նոր պատուհաններով, որոնք դնելու են»,- ասաց Ա. Ավետիսյանը։
Նա նկատեց՝ գուցե խոստացված գումարը չեն փոխանցել, սակայն մեկ բան հստակ է, որ այդ գումարը թատրոնին փոխանցելու համար Մշակույթի նախարարությունը դրական պատասխան էր տվել։
«Լավ են անում, որ տալիս են, ես բան չունեմ ասելու։ Մեկ բան էլ ասեմ՝ ես Մշակույթի նախարարությունից գումար չեմ ուզել, ես բոլորին եմ հայտարարել, չեմ ասել՝ կոնկրետ Մշակույթի նախարարությունն ինձ գումար հատկացնի»,- շեշտեց Արման Ավետիսյանը։
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը պատմամշակութային արժեք ներկայացնող գործ է, որն ունի բավականին խնդիրներ՝ ջերմաստիճանի և դիրքի հետ կապված։
«Երբ Արման Ավետիսյանը եկել էր մեզ մոտ, ասացինք, որ պատրաստվում ենք փոխել նաև թատրոնի շենքի պատուհանները, բայց եթե պատուհանները փոխենք, հետո նկարը տեղափոխելու խնդիրներ կառաջանա։ Ես ասել եմ, որ պատրաստվում ենք, ոչ թե արել ենք։ Այո, ճիշտ է, որ պատուհանները պետք է փոխենք, բայց խոսք չի եղել, որ դրա համար դիմել եմ Մշակույթի նախարարությանը։
Ես ասել, որ Մշակույթի նախարարությանը դիմել եմ, որպեսզի տեղյակ լինեն, որ մենք թատրոնի պատուհանները փոխում ենք, և, եթե նկարը տեղափոխում ենք, ապա այն պատուհաններով պետք է դուրս հանենք։
Ես ֆինանսականի մասին չեմ խոսել, առավել ևս չեմ ասել, որ նախարարությունը մեզ գումար է տվել։ Երևի սխալ է հասկացվել, որ ասել եմ՝ Մշակույթի նախարարությանը դիմել եմ նկարը տեղափոխելու համար։ Այո, նկարի համար դիմել եմ, որպեսզի նկարը պահպանվի, երեխաներ են գալիս նկարը դիտելու, անհանգստանում եմ, որ այն չվնասեն, քանի որ այն լավ տեղում չի դրված։ Այս ամենի համար ես արդեն դիմել եմ Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանին»,- եզրափակեց Լյուդվիգ Հարությունյանը։
Զվարթ Խաչատրյան