«Մենք նպատակ չունենք լինելու իշխանամետ կամ ծայրահեղ ընդդիմություն, լինելու ենք կառուցողական կուսակցություն». Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը պատրաստվում է նոր կուսակցություն ստեղծել, այս մասին Դ. Բաբայանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«Երկար մտորումներից հետո, ինչպես նաև քաջալերվելով բազմաթիվ ընկերների և համախոհների կողմից՝ որոշել եմ նրանց հետ միասին ստեղծել նոր քաղաքական ուժ՝ Արցախի պահպանողական կուսակցությունը: Մենք բարձր ենք գնահատում բոլոր այն դրականը, մեր բոլոր ձեռքբերումներն ու հաղթանակները, որոնք արձանագրվել են վերջին երեք տասնամյակների ընթացքում: Այդ ամենին մեր ժողովուրդը հասել է իր քաջ զավակների թափած արյան ու բազում զրկանքների գնով, հասել է իր քրտնաջան աշխատանքի, անսասան հավատքի և անսպառ լավատեսության շնորհիվ։ Մենք պարտավոր ենք պահպանել այդ բոլոր նվաճումները»,-գրել էր Դավիթ Բաբայանը:
Թեմայի վերաբերյալ 168.am-ը զրուցեց Դավիթ Բաբայանի հետ։
– Պարոն Բաբայան, ո՞ւմ հետ եք պատրաստվում կուսակցություն ստեղծել։
– Ինչպես արդեն նշել եմ` տարբեր մարդկանց հետ, մարդիկ, որոնք կիսում են գաղափարները և ունեն համապատասխան ներուժ, արհեստավարժություն, բարոյական բարձր հատկանիշներ։ Նրանք տարբեր խավերի ներկայացուցիչներ են, շատ մարդիկ կան, որոնց հետ կիսում ենք նույն գաղափարները և առաջնորդվում նույն արժեհամակարգով։
– Կուսակցությունը լինելու է ընդդիմադի՞ր, թե՞ իշխանամետ։
– Մենք փորձում ենք վերցնել կենտրոնամետ ուղղություն, եթե այս կամ այն ծրագիրը, կամ քաղաքականությունն ու քայլերը մենք դիտարկենք՝ որպես վտանգավոր և ոչ ճիշտ, դրա մասին արտահայտվելու ենք, անկախ այն հանգամանքից, թե իշխանությանն ով է։
Այսինքն՝ մենք նպատակ չունենք լինելու իշխանամետ կամ ծայրահեղ ընդդիմություն, այլ լինելու ենք կառուցողական կուսակցություն։ Որը, նախ՝ փորձելու է պահպանել այն ամենը, ինչ կա, առաջին հերթին՝ մեր պետականությունը, միասնականությունը։ Կտեսնենք, թե ինչպես է զարգանում իրավիճակը և ըստ այդմ էլ յուրաքանչյուր հարցի շուրջ կհայտնենք մեր դիրքորոշումը։
– Կուսակցություն ստեղծելուց հետո նախագահի խոսնակի պաշտոնից հրաժարվելո՞ւ եք, թե՞ շարունակելու եք պաշտոնավարել։
– Իմ պաշտոնը հայեցողական է, ես տեղեկատվության գլխավոր վարչության պետն եմ, այսինքն՝ մեկը մյուսին չի խանգարելու։ Աշխատելու եմ այնպես անել, որ և՛ գրառումները, և՛ ցանկացած ելույթ լինի աշխատանքային ժամերից դուրս։ Երբ տեսնեմ, որ խանգարում է, բնականաբար, չենք կարող այնպես անել, որ աշխատանքային գործունեությանը խանգարի քաղաքականությունը, և եթե պահը գա, իհարկե, որոշում կկայացվի։
– Կուսակցությունը ե՞րբ վերջնականապես կկազմավորվի։
– Գոյություն ունի կուսակցության ստեղծման կարգ, և ըստ այդ կարգի՝ առաջնորդվելու ենք, այսինքն՝ այնպես, ինչպես նշված է օրենքում։ Այժմ սա առաջին քայլն է, հայտ, որից հետո պետք է իրականացվի կազմակերպչական աշխատանքներ, և մյուս աշխատանքներն իրականացնենք օրենքով սահմանված կարգով։
– Իսկ կուսակցությունը կմասնակցի՞ Արցախի առաջիկա նախագահական ընտրություններին։
– Մենք ասել ենք, որ դեռևս նախապատրաստվում ենք խորհրդարանական ընտրություններին։ Կուսակցությունը դեռևս միայն հայտարարություն է արել, առայժմ կա միայն գաղափարակիցների շրջանակ, կուսակցությունը դեռևս պետք է կայանա, այսինք՝ սա լուրջ խնդիր է, և մենք չենք կարող այդ ամենն անտեսել, դա լուրջ չէր լինի։ Մեր նպատակը մեր գաղափարներն իրականություն դարձնելն է, և այդ ճանապարհին մեխանիզմներից մեկն Ազգային ժողովում հայտնվելն է։
Զվարթ Խաչատրյան