Դավիթ Բաբայանը հայտարարում է Արցախում նոր կուսակցություն ստեղծելու մասին

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին: Դավիթ Բաբայանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Մեր հանրապետության ներքաղաքական կյանքը մտել է նոր դինամիկ զարգացման փուլ: Բնական է, որ այդ ամենն առնչվում է բոլորիս եւ ամեն մեկիս: Յուրաքանչյուր հայրենասեր եւ գիտակից անձնավորություն պետք է մասնակցի մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքին՝ դրանով իսկ իր լուման բերելով մեր պետության զարգացման, զորացման եւ պաշտպանության գործին:

Ավելի քան երկու տասնամյակ աշխատելով պետական տարբեր կառույցներում, զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, ակտիվորեն ներգրավված լինելով նաեւ հասարակական-քաղաքական ու գիտակրթական կյանքում՝ ես նույնպես չեմ կարող անմասն մնալ այդ ամենից:

Երկար մտորումներից հետո, ինչպես նաեւ քաջալերվելով բազմաթիվ ընկերների եւ համախոհների կողմից՝ որոշել եմ նրանց հետ միասին ստեղծել նոր քաղաքական ուժ՝ Արցախի պահպանողական կուսակցությունը:

Մենք բարձր ենք գնահատում բոլոր այն դրականը, մեր բոլոր ձեռքբերումներն ու հաղթանակները, որոնք արձանագրվել են վերջին երեք տասնամյակների ընթացքում: Այդ ամենին մեր ժողովուրդը հասել է իր քաջ զավակների թափած արյան ու բազում զրկանքների գնով, հասել է իր քրտնաջան աշխատանքի, անսասան հավատքի եւ անսպառ լավատեսության շնորհիվ:

Մենք պարտավոր ենք պահպանել այդ բոլոր նվաճումները:

Միեւնույն ժամանակ, նոր հասարակական-քաղաքական կյանքը, աշխարհաքաղաքական գործընթացները դինամիկ կերպով զարգանում են, ինչը պահանջում է համապատասխան ներուժով, արհեստավարժությամբ, բարձր բարոյական հատկանիշներով օժտված մարդկանց ներգրավումը երկրի քաղաքական կյանքին:

Հենց այս հրամայականները հաշվի առնելով՝ մենք ուզում ենք ակտիվ մասնակցություն ունենալ մեր երկրի զարգացման եւ զորացման գործում, պաշտպանել ժողովրդի շահերը՝ նոր գաղափարներ եւ մոտեցումներ կիրառելով պետականաշինության գործընթացում:

Այս համատեքստում պատրաստվում ենք ակտիվ մասնակցություն ունենալ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին: Ժողովրդի քվեն ստանալու եւ Ազգային ժողովում ներկայացված լինելու դեպքում մենք հնարավորություն կունենանք ավելի արդյունավետորեն իրականացնել մեր ծրագրերը՝ ի շահ մեր ժողովրդի եւ հայրենիքի:

Կուսակցության գաղափարախոսության հիմքում ընկած են ազգային արժեքների, մեծ զոհողությունների գնով ձեռք բերված հաջողությունների եւ հաղթանակների պահպանումը, նոր իրավիճակում նոր մարտահրավերներին արդյունավետորեն եւ արհեստավարժորեն դիմակայելու:

Մեզ համար Արցախի ինքնիշխանությունը, անվտանգության բարձր մակարդակը, սոցիալական արդարությունը եւ ժողովրդավարությունը, շրջակա միջավայրի պահպանումը բացառիկ արժեքներ են: Մեր կարգախոսներից են՝ արհեստավարժությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, աշխատասիրությունը:

Ներքաղաքական կյանքում մենք որեւէ մեկին դեմ չենք եւ որեւէ մեկին չենք համարում թշնամի, ավելին՝ անընդունելի ենք համարում մեր հասարակության ցանկացած երկպառակտում ու բեւեռացում: Մեր ամենամեծ ներուժը միասնականությունն է:

Հարգելի՛ հայրենակիցներ, Ֆեյսբուք սոցիալական ցանցում ես պարբերաբար ուղիղ եթերների միջոցով ներկայացնելու եմ քաղաքական, տնտեսական, սոցիալական, աշխարհաքաղաքական եւ այլ խնդիրների շուրջ մեր մոտեցումները: Ակնկալում եմ ակտիվ հետադարձ կապ եւ կառուցողական քննարկումներ»,- գրել է Բաբայանը:

Տեսանյութեր

Լրահոս