«Հավատում ենք, որ հայերը գիտեն` իրենք ավելի ընդլայնված եվրոպական արդարադատության մի մասն են». Սվիտալսկու ակնարկը՝ Քոչարյանի գործի շուրջ

«Առանձին դեպքերի չենք անդրադառնում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով արդարադատական համակարգի բարեփոխումներին հետհեղափոխական շրջանում և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին:

Դեսպանն ասաց, որ ԵՄ-ն ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխական փոփոխություններից հետո մուտք է գործել շատ համապարփակ երկխոսության փուլ՝ արդարադատության ոլորտում փոփոխությունների առումով: Նա հիշեցրեց, որ անցյալ տարի սկսել են, այսպես կոչված, քաղաքականության երկխոսությունն այս ոլորտում և մշտական շփումներ ունեն Արդարադատության նախարարության և պատկան մարմինների հետ:

Սվիտալսկիի խոսքով՝ սեղանին դրել են իրենց առաջարկը ևս: «Հասկանում ենք, որ գործընթացը, որն ուղղված է բարեփոխումների նախապատրաստմանը, շարունակական փուլում է, դա էական է Հայաստանի համար: Չեմ ուզում խոսել այն մասին, թե ինչը կարելի է համարել ֆունդամենտալ կողմն այս ոլորտի բարեփոխումների համար, բայց մենք լրջորեն ենք վերաբերվում, քանի որ Կառավարությունն ասել է, որ այս ոլորտի բարեփոխումներն իր համար բացարձակ առաջանահերթություններից են:

Բազմաթիվ դրական միտումներ ու զարգացումներ են տեղի ունեցել, և ես կարծում եմ, որ արդարադատության, դատաիրավական համակարգի անկախության գնահատումը, հատկապես՝ գործադիր իշխանությունից անկախության գնահատման համար, ՀՀ-ն ունի շատ տարբերվող իրավիճակ, քան, եթե համեմատելու լինենք մինչև ապրիլ-մայիս ամիսները: Դա չի նշանակում, որ երբեմն քննադատությունները տեղին չեն, բայց սա շատ լուրջ հանձնառություն է, որը Կառավարությունը ստանձնել է:

Կարդացեք նաև

Վերջին հղումը, որը պետք է քննարկել, վստահության և գոհունակության մակարդակն է, որն ունեն սովորական քաղաքացիները, որովհետև նրանք են վերջնական դատավորները, թե արդյոք բարեփոխումներն արդյունք տալի՞ս են, թե՞ ոչ: Հայաստանը սկսել է շատ ցածր մակարդակի հանրային վստահությունից, չեմ ուզում հիշատակել այն թվերը, որը ԵՄ-ն էր ստացել անկախ հետազոտության արդյունքում, հետազոտությունն իրականացվել էր մինչ հեղափոխությունը, որի արդյունքներով Հայաստանը շատ ցածր էր՝ համեմատած այլ ԵՄ երկրների հետ՝ հանրային վստահության մակարդակով: Մեր առջև ընկած ճանապարհը մարտահրավերներ ունի, բայց կարծում եմ, որ կառավարության հանձնառությունը շատ կարևոր է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է առանձին դեպքերին, ապա դեսպանն ասաց, որ դրանց վերաբերյալ երբեք մեկնաբանություններով հանդես չեն գալիս:

«Բայց մենք հավատում ենք, որ հայերը գիտեն, որ իրենք ավելի ընդլայնված եվրոպական արդարադատության շրջանակի մի մասն են: Ցանկացած ոք կարող է դատարանի որոշումը վիճարկել Ստրասբուրգում, և կարծում եմ, որ Ստրասբուրգում կայացված մի քանի կարևոր վճիռներ կան, որոնք վերաբերում են քաղաքական ազատություններին, չեմ ուզում ետ գնալ այս վճիռներին ու որոշումներին, բայց մեզ համար դրանք հղման կետ են, մասնավորապես՝ Կոնվենցիայի 14-րդ հոդվածը:

Մենք գիտենք անցյալից այնպիսի դեպքեր, երբ այս հոդվածը խախտվել է, և մենք առաջ ենք շարժվում այն ենթադրությամբ, որ այս նոր Հայաստանում պետք է լինի թափանցիկություն՝ կապված դատարանների աշխատանքի հետ, և, որ հայերը շատ լավ իրազեկ են, որ իրենք կարող են մշտապես վիճարկել այս որոշումները Ստրասբուրգում: Ուստի մեր մոտեցումը հետևյալն է, որ մենք պետք է վստահենք ՀՀ տեղական համակարգին, որ նրանք հետևելու են հայաստանյան, բայցև եվրոպական արդարադատության չափանիշերին»,- ասաց դեսպան Սվիտալսկին:

 

Տեսանյութեր

Լրահոս